ՀՅԴ երիտասարդական թևի ներկայացուցիչները բողոքի ցույց են անցկացրել կառավարության շենքի մոտ՝ Արցախի շրջափակման 100 օրվա առթիվ։ Ցուցարարները մեղադրել են Նիկոլ Փաշինյանի կառավարությանը Ադրբեջանի և Թուրքիայի իշխանությունների հետ դավաճանության մեջ և պահանջում են նրա հրաժարականը։
«Հայաստանում իշխանությունը զավթած հանցավոր խմբավորումից սպասելիքներ չկան և չեն էլ կարող լինել։ Նրանք չեն թաքցնում, որ հրաժարվել են Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման գործընթացում Հայաստանի պարտավորություններից, որը ամրագրված է Անկախության հռչակագրով»,- ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանը լրագրողներին։
Փաշինյանի կառավարությունը պատրաստ է զոհաբերել հայոց պետականության շահերը, ցեղասպանության իրական վտանգի առջեւ կանգնած 120 հազար արցախցիների կյանքը՝ իշխանությունը պահպանելու համար, շեշտեց նա։
Բողոքի ակցիայի մասնակիցները ձեռքներին «Բացեք կյանքի ճանապարհը», «Ազատ և անկախ Արցախ», «Խաղաղություն չեն մուրում», «Հայրենի հողը չի կարելի սակարկել», «Stop, Նիկոլ» գրություններով պաստառներ էին բերել:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30–ից ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:
Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանն գլխավորությամբ ստեղծվել է օպերատիվ շտաբ, որը գործում է 24-ժամյա ռեժիմով՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակում աշխատանքների համակարգման նպատակով:
Դեկտեմբերի 14-ից սկսած բողոքի ակցիաներ են սկսվել ՀՀ-ում տարբեր կառույցների ներկայացուցչությունների և դեսպանությունների մոտ։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քննարկել է իրավիճակը Լաչինի միջանցքում։ Նիստի ընթացքում ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչները հայտարարել են միջանցքով երթևեկությունը վերականգնելու անհրաժեշտության մասին:
Դեկտեմբերի 25-ին Արցախում՝ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, բազմահազարանոց համաժողովրդական հանրահավաք տեղի ունեցավ:
Արցախի կառավարությունը հայտարարել է, որ ժամանակավորապես դադարեցնում է հանքի շահագործումը. որոշում է կայացվել դիմել միջազգային կազմակերպություններին՝ «Բեյզ Մեթըլս» ընկերության գործունեության հետ կապված միջազգային էկոլոգիական փորձաքննություն իրականացնելու համար: