Ադրբեջանական զինվորների ՀՀ մտնելով չպետք է չափենք մեր կամ հարևան երկրի անվտանգային համակարգը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Ըստ նրա՝ բազմաթիվ դեպքեր են եղել, երբ հայերն են մտել Ադրբեջանի տարածք, շրջել են, կորել են, ինչ-որ պահի բռնվել են:
«Որքան հասկանում եմ՝ ինքը դասալիք է, փախել է, եկել է, ուզեցել է անցնել Նախիջևանի կողմից դեպի Ադրբեջան, վստահ չեմ… Նման դեպք կարող է էլի լինել թե մեր, թե հակառակորդի կողմից»,- ասաց Սիմոնյանը՝ հավելելով՝ «սրիկա է, բան չունեմ ասելու»:
Սիմոնյանն ասաց որ թեև պետք է ուշադիր լինել, որ որևէ մեկը չսողոսկի, բայց հարյուրավոր կիլոմետրերի մեջ հայ հովիվներ էլ են գնացել կորել, նույնիսկ դեպք նշեց, որ մեքենա է եղել, որ սխալմամբ գնացել ու բավականին խորացել է Ադրբեջանի տարածքում:
Սիմոնյանը նշեց, որ ենթադրաբար իրավական հետևանքներ կլինեն ադրբեջանցու նկատմամբ, իսկ այն, որ Ադրբեջանը պահանջում է իր քաղաքացիներին՝ ԱԺ նախագահը պատասխանեց. «Մենք էլ մեր գերիներին ենք պահանջում արդեն շատ երկար ժամանակ»:
Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազությունը հաղորդել էր, որ Ադրբեջանի քաղաքացի Հուսեյն Ախունդովը 2023 թվականի ապրիլի 12-ին, հասնելով Սյունիքի մարզի Կապան համայնքի Շղարշիկ բնակավայրում գտնվող «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ պահակակետ, նշված պահակակետի պահպանությունն իրականացնող՝ քաղաքացի Հ.Մ.-ի բջջային հեռախոսն ու մեքենան հափշտակելու շահադիտական դրդումներով, հետագայում դարձյալ ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելով Իրան հասնելու հանցավոր արարքի կատարումը հեշտացնելու համար իր պահվող ինքնաձիգից կրակոցներ է արձակել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-իպահակակետի մոտ գտնվող ՀՀ քաղաքացի Հ.Մ.-ի ուղղությամբ: Հ.Մ.-ն ստացված մարմնական վնասվածքներից տեղում մահացել է:
Դասալիք առաջին զնվորին հայտնաբերել էին ապրիլի 11-ին: