44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը 6 ամսով երկարաձգվեց: Նախագիծը ԱԺ-ում ընդունվեց 59 կողմ, 29 դեմ և 1 ձեռնպահ ձայներով:
Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը երեկ՝ մայիսի 2-ին հայտնել էր, որ սա վերջին երկարաձգումը կլինի։
Նրա խոսքով՝ հանձնաժողովին են դիմել պատերազմի բազմաթիվ մասնակիցներ և զոհվածների հարազատներ, որոնք անհատական կարգով հանձնաժողովին են ներկայացնում բազմաթիվ տեղեկություններ և տեսաձայնային նյութեր։
Ըստ պատգամավորի՝ քննիչ հանձնաժողովում շարունակվում է փաստաթղթերի մանրակրկիտ ուսումնասիրությունը: Աշխատանքի ընթացքում ստացվել է 4 154 գաղտնի և հույժ գաղտնի տեքստային, գրաֆիկական փաստաթուղթ, ծավալը՝ 14 000 էջից ավել:
Եվ ստացված տեղեկությունների համատեքստում անհրաժեշտություն է առաջանում լրացուցիչ ուսումնասիրման նպատակով դիմել համապատասխան կառույցներին և ստանալ փաստաթղթերի նոր քանակ։