Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ, ՌԴ արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևի հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը, հայտնում է ՀՀ կառավարությունը։
«Վարչապետը նշել է, որ այսօրվա հանդիպումը տեղի է ունենում Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում խորացող հումանիտար ճգնաժամի պայմաններում և կարևորել ստեղծված իրավիճակի և Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ խորհրդակցությունները»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ վարչապետը ներկայացրել է առկա առանցքային խնդիրների կարգավորման հարցում հայկական կողմի մոտեցումները:
ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ևս հանդիպել է Խովաևի հետ։ Կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը և ընդգծել, որ Լեռնային Ղարաբաղի հայ ազգաբնակչության իրավունքներն ու անվտանգությունն առաջնային են և պետք է պաշտպանվեն: Անդրադառնալով Ադրբեջանի կողմից 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության խախտմամբ Լաչինի միջանցքի շարունակվող արգելափակմանը՝ ԱԽ քարտուղարը շեշտել է Ադրբեջանի կողմից ստանձնած պարտավորությունների իրականացման անհրաժեշտությունը: