Մենք աջակցում ենք Հայաստանի ինքնիշխանությանը եւ տարածքային ամբողջականությանը և դեմ ենք սահմանների որեւէ փոփոխության, News.am-ի հետ զրույցում ասել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։
«Մենք աջակցում ենք Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանն այնպես, ինչպես մենք ճանաչում ենք բոլոր երկրների ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը։ Մենք դեմ չենք հաղորդակցության ուղիների բացմանը, մենք նման ուղիներ տրամադրեցինք նաև Ադրբեջանին։ Բայց հաղորդակցության բոլոր ուղիները պետք է լինեն այն երկրների տիրապետության տակ, որոնց տարածքում գտնվում են, հատկապես Հայաստանի դեպքում»,- շեշտել է դեսպանը:
Հարցին, թե եթե ի՞նչ օգնություն կարող է տրամադրել Իրանը Հայաստանին, եթե Ադրբեջանը փորձի ուժով բացել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը», դեսպանը պատասխանել է, որ Իրանն աջակցում է հաղորդակցության ուղիների բացմանը, բայց դրանք պետք է լինեն Հայաստանի կառավարության տիրապետության տակ։ Ոչինչ ուժով չի փոխվի:
«Երբ ես ասում եմ՝ Իրանը կաջակցի Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, դրանից ամեն բան պարզ է դառնում»,- ասել է նա։
Խոսելով տնտեսական հարաբերությունների մասին՝ Մեհդի Սոբհանին նշել է, որ երկրները նպատակ ունեն երկկողմ առևտուրը հասցնել երեք միլիարդ դոլարի: «Հուսով ենք, որ Հայաստանի մասնավոր հատվածի միջոցով հնարավոր կլինի հասնել դրան»,- ասել է նա: