Ազգային ժողովի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը հայտարարել է, որ «ոչ մի տրամաբանություն» չկա այն պնդումների մեջ, թե Հայաստանը տարածաշրջանում «հակառուսական գործիք» է։
«Տրամաբանություն չկա այն պնդման մեջ, թե Հայաստանը հակառուսական գործիք է։ Չկա ոչ մի փաստ, որը վկայում է դրա մասին, և չի կարող լինել որևէ հավաստի վերլուծություն, որը խոսում է դրա մասին»,- ասել է նա։ Ըստ Ռուբինյանի՝ Հայաստանը միշտ իրեն դուրս է պահել աշխարհաքաղաքական բախումներից և կատարել է իր բոլոր դաշնակցային պարտավորությունները։
Մեկնաբանելով Ռուսաստանի հետ հարաբերությունները վերականգնելու անհրաժեշտության մասին ընդդիմության հայտարարությունները՝ փոխխոսնակն ասել է. «Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները վերականգնելու կարիք չկա, քանի որ դրանք չեն խախտվել»։
Հայաստանի վարչապետը սեպտեմբերի 3-ին իտալական «La Repubblica»-ին տված հարցազրույցում հայտարարել էր անվտանգության ոլորտում քաղաքականությունը դիվերսիֆիկացնելու Երևանի փորձերի մասին։ Փաշինյանը անվտանգության ոլորտում Հայաստանի կախվածությունը մեկ կենտրոնից ռազմավարական սխալ էր անվանել։ Փաշինյանը նաև հայտարարել էր, որ «մեր տարածաշրջանում տեսել ենք իրավիճակներ, երբ մի օրում, մի ամսում կամ մի տարում ուղղակի Ռուսաստանի Դաշնությունը թողել և հեռացել է Հարավային Կովկասից»:
Նույն հարցազրույցում Փաշինյանը նշել էր, որ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերն ԼՂ-ում չեն կատարում 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ իրենց ստանձնած առաքելությունը:
Մոսկվայում Փաշինյանի հայտարարությունների տոնայնությունն անընդունելի էին անվանել։