Հայկ Մարությանի թիմից սեփական դիմումի համաձայն հեռացել են ավագանու երկու թեկնածուներ՝ Ավետիսյան Էլինան և Հակոբյան Ժիրայրը, հայտնել է «Ժողովուրդ» օրաթերթը:
Պատճառները հայտնի չեն, սակայն թերթի աղբյուրները հայտնել են, որ Մարությանի թիմում տարաձանություններ կան:
Օգոստոսի 8-ին Հայկ Մարությանը հայտարարել էր, որ մասնակցելու է սեպտեմբերի 17-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին։ Նա «Ազգային առաջընթաց» կուսակցության քաղաքապետի թեկնածու է։
ԿԸՀ-ն գրանցել է Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած բոլոր 14 կուսակցություններին։ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցություններն են՝ «Հայաստանի եվրոպական կուսակցություն», «Ժողովրդավարական Համախմբում», «Քաղաքացիական պայմանագիր», «Հանուն սոցիալական արդարության», «Ուժը հայրենյաց», «Հանրային ձայն», «Ազգային առաջընթաց», «Հաղթանակ», «Ապրելու երկիր», «Հանրապետություն», «Միացյալ Հայաստան», «Լուսավոր Հայաստան», «Արդար Հայաստան» կուսակցություն։
Երևանի ավագանու վերջին ընտրությունները տեղի են ունեցել 2018 թվականի սեպտեմբերի 23-ին: Ավագանին իր լիազորությունները ստանձնել է 2018 թվականի հոկտեմբերի 10-ին: Վերջինիս լիազորությունները ժամկետը լրանում է 2023 թվականի հոկտեմբերի 10-ին: