Թուրքիայի խորհրդարանի հայազգի նախկին պատգամավոր Կարո Փայլանը Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց» հաղորդման եթերում խոսել է Արցախի շուրջ տիրող իրավիճակի, արտաքին քաղաքական դաշտում զարգացումների մասին: Ըստ նրա՝ պարտության պատճառներից մեկը ժողովրդի միասնականության բացակայությունն է:
«Ընդդիմությունը ուզում է միայն, որ Փաշինյանը հեռանա: Բայց եթե վտանգ կա, ապա թող համախմբվեն թշնամու դեմ, ոչ թե սեփական կառավարության»,- ասել է նա:
Նրա խոսքով՝ Ալիևն այժմ Հայաստանի վրա հարձակվելու հնարավորություն է տեսնում՝ միջանցք ստանալու նպատակով, սա պանթուրանիստական գաղափարախոսությունն է, ըստ Փայլանի, և Թուրքիայի մեջ նույնպես կան ազգայանականներ, որոնք հնարավոր են համարում այս ծրագրի իրագործումը:
Փայլանի կարծիքով` այս սցենարը հենց Էրդողան-Պուտին հանդիպման ժամանակ է գրվել:
«Այս սցենարի վերջնական նպատակը ժողովրդավարական Հայաստանի ավարտն է. Պուտինը չի ցանկանում, որ Հարավային Կովկասում ժողովրդավարական պետություն գոյություն ունենա, որովհետև այն կարող է այլ պետությունների համար օրինակ լինել, իսկ դա վտանգավոր է ռուսական վարչակազմի համար: ՌԴ կողմից Հայաստանի ներառումը Միութենական պետության կազմում` որպես երկրորդ Բելառուս՝ շատ վտանգավոր խաղ է»,- ասել է նա:
Փայլանի խոսքով՝ հենց Սոչում Պուտին-Էրդողան հանդիպումից հետո է Արայիկ Հարությունյանը հրաժարական տվել, իսկ Ադրբեջանը զորքեր կուտակել Արցախի ու Հայաստանի հետ սահմանին: