Երևանի քաղաքապետի որոշմամբ հոկտեմբերի 26-ին՝ ժամը 10.00-ին կգումարվի Երևանի ավագանու արտահերթ նիստ՝ քաղաքապետի տեղակալներ և առաջին տեղակալ նշանակելու օրակարգով, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
Նիստի օրակարգը հետևյալն է՝ Երևան քաղաքի ավագանու անդամ Արմեն Փամբուխչյանին նշանակել Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, Լևոն Հովհաննիսյանին, Սուրեն Գրիգորյանին և Սարգիս Մադաթյանին նշանակել Երևանի քաղաքապետի տեղակալներ։
Սեպտեմբերի 17-ին մայրաքաղաք Երևանում տեղի էին ունեցել ավագանու 2023 թվականի ընտրություններ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սեպտեմբերի 24-ի արտահերթ նիստում ամփոփել էր Երևանի ավագանու ընտրությունների վերջնական արդյունքները՝ համաձայն որոնց անցողիկ շեմը հաղթահարել էին հետևյալ ուժերը՝ ՔՊ՝ 24 մանդատ, «Ազգային առաջընթաց»՝ 14 մանդատ, «Մայր Հայաստան» դաշինք՝ 12 մանդատ, «Հանրապետություն»՝ 8 մանդատ, իսկ «Հանրային ձայն»՝ 7 մանդատ։
Հոկտեմբերի 10-ին՝ ավագանու ընտրություններից հետո առաջին նիստում, Երևանի ավագանին քաղաքապետ էր ընտրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Տիգրան Ավինյանին։