ՀՀ ԱԳՆ նախարար Արարատ Միրզոյանը վաղը՝ հոկտեմբերի 23-ին, Թեհրանում կմասնակցի «3+3» ձևաչափով հանդիպմանը, հայտնել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։
«Հոկտեմբերի 23-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն իրանական կողմի հրավերով Թեհրանում կմասնակցի տարածաշրջանային խորհրդակցական «3+3» հարթակի հանդիպմանը»,-հայտնել է նա։
Խոսնակը հայտնել է, որ այցի ընթացքում նախատեսված են նաև երկկողմ հանդիպումներ:
Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, ԶԼՄ-ները հայտնել էին, որ Թեհրանում Հայաստանի, Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարների մակարդակով «3+3» ձևաչափով բանակցություններ են տեղի ունենալու։ Հայտնել էին, որ այս անգամ ևս Վրաստանը չի մասնակցի հանդիպմանը։
Հոկտեմբերի 20-ին ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը հայտնել էր, որ հայկական կողմն Իրանում նախարարների մակարդակով «3+3» ձևաչափով հանդիպման մասնակցելու հրավեր է ստացել։
Հոկտեմբերի 13-ին ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը և Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին հանդիպման ժամանակ կարևորել էին Հարավային Կովկասի հարցով «3+3» ձևաչափով խորհրդատվական հարթակի կանոնավոր աշխատանքը:
Հոկտեմբերի 10-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը պատրաստ է «3+3» ձևաչափով հանդիպում անցկացնել, ժամանակին ձեռք էր բերվել պայմանավորվածություն, որ հաջորդ հանդիպումը տեղի կունենա Թեհրանում։
«3+3»-ը Հարավային Կովկասում համագործակցության ձևաչափ է։ Ձևաչափը ստեղծելու մտադրության մասին առաջին անգամ հայտարարել են Ադրբեջանի և Թուրքիայի առաջնորդներ Իլհամ Ալիևն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Ձևաչափին մասնակցելուց հրաժարվել է միայն Վրաստանը։ Իսկ տարածաշրջանի մյուս երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի միջև այս ձևափափով առաջին հանդիպումը տեղի է ունեցել 2021-ի դեկտեմբերի 10-ին։