Աբխազիայի իշխանություններն արձագանքել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին և անվանել դրանք Աբխազիայի ինքնիշխանությանը հակասող։ Ավելի վաղ՝ նոյեմբերի 24-ին, Փաշինյանը պատասխանելով քաղաքացու հարցին, ասել էր՝ «Իմ հրապարակային հայտարարություններում ես մի քանի անգամ նշել եմ, որ մենք լիովին և միանշանակ աջակցում ենք Վրաստանի միասնությանը և պետականությանը»։
«Հիմնվելով իրերի փաստացի վիճակի վրա՝ միասնությունը, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և ժողովրդավարությունը ամենահարմար բնութագրերն են Աբխազիայի Հանրապետությանը, ժողովրդավարական պետության, որը վերահսկում է իր ողջ տարածքը, որի անկախությունը ճանաչված է Ռուսաստանի Դաշնության և մի շարք այլ երկրների կողմից»,- ասված է Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիայի հայտարարության մեջ։
Նա նշել է նաև, որ ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ Վրաստանը, որին աջակցում է վարչապետը, չեն համապատասխանում նշված բոլոր հատկանիշներին։
Փաշինյանի հայտարարությանն արձագանքել են նաև Աբխազիայի ժողովրդական ժողովի հայազգի պատգամավորները։ Նրանք ասել են, որ Արցախում տեղի ունեցած ողբերգությունից հետո, երբ Հայաստանի ներկայիս ղեկավարությունը ԼՂ-ում բնակվող սեփական 120 հազար քաղաքացիներին դատապարտել է տեղահանման, Փաշինյանի վերջին ելույթը կարող էր մնալ առանց մեկնաբանության, սակայն Վրաստանի տարածքային ամբողջականությանն աջակցելու մասին թեզը չափազանց ցինիկ է հնչում։
«Հայաստանի իշխանությունները ենթակա են կոնյունկտուրայի և հեշտությամբ փոխում են դիրքորոշումները, այդ թվում՝ համայն հայության համար այնպիսի զգայուն հարցի շուրջ, ինչպիսին է Արցախի պետության գոյությունը»,- ասված է նրանց հայտարարության մեջ։