Շաբաթ օրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արմավիրում ՔՊ նախաձեռնող խմբի նիստ է անցկացրել: «Հրապարակ»-ը գրել է, որ Փաշինյանը որոշել է այցելել մարզեր և հանդիպել տեղի կուսակցականների հետ, լսել նրանց խնդիրները։
Կուսակցական ակտիվը, ինչպես հայտնի է, ամեն հինգշաբթի հավաքվում է ՔՊ երևանյան գրասենյակում և քննարկում տարբեր հարցեր: Այս անգամ Փաշինյանը որոշել է խախտել ավանդույթը այն պատճառաբանությամբ, թե ինքը դժգոհություններ է ստացել մարզերի կուսակցականներից, թե իբր մինչ ուզում են գրանցվել նախաձեռնող խմբի նիստերին մասնակցելու համար, տեղերը լրացած են լինում:
Բանն այն է, որ ՔՊ գրասենյակի դահլիճը սահմանափակ է, և մի քանի տասնյակ մարդ է միայն մասնակցում կուսակցական հավաքներին, ուստի Փաշինյանը որոշել է ինքն այցելել մարզեր և հանդիպել տեղի կուսակցականների հետ, լսել նրանց խնդիրները։
Թերթի աղբյուրների փոխանցմամբ՝ ֆորմատի փոփոխության ավելի ծանրակշիռ պատճառներ կան. Փաշինյանը փորձում է մարզերում տրամադրություններն ստուգել և կողմնորոշվել իր վարկանիշի ու դիրքի ամրության հարցում։