«Եռաբլուր»-ի հետ մեզ կապելը ստորագույն մանիպուլյացիա է, գրել է ՀՀ ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանը՝ անդրադառնալով ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանի՝ «Եռաբլուր»-ի հողամասերը սեփականաշնորհելու մասին մեղադրանքներին։
«Եթե չզլանաք, կարող եք շրջել այդտեղ և ինքներդ համոզվել, թե ինչքան հեռու է Տոյոտան գերեզմաններից և ինչքան շինություններ, խանութներ կան դրանց միջև: Ու սա օգտագործել մարդկանց էմոցիաների վրա խաղալու համար՝ հերթական ստորությունն է: Սրանց իշխանության օրոք «Եռաբլուր»-ը, ցավոք, 2 անգամ մեծացել է և, երևի, նպատակ ունեն ավելի մեծացնելու»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Քոչարյանը:
Ավելի վաղ՝ հոկտեմբերի 10-ի հարցուպատասխանի ժամանակ ևս Նիկոլ Փաշինյանն ընդդիմությանը մեղադրել էր «Եռաբլուրի» կեսը սեփականաշնորհելու մեջ։ «Եռաբլուր լացողնե՛ր, Եռաբլուրի կեսը սեփականաշնորհել էիք։ Էդ դուք չե՞ք Եռաբլուրի վրա «Լեքսուս» ու «Տոյոտա» սարքողներ։ Եկել եք էդ ի՞նչ եք խոսում»,- ասել էր նա։