Դեկտեմբերի 11-ին Բրյուսելում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննայի հետ, հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։
Քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը վերաբերող հարցեր, անդրադարձ է կատարվել խաղաղության հաստատման հարցում առկա մարտահրավերներին: Արարատ Միրզոյանը Կատրին Կոլոննային ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները։
Երկուստեք ընդգծվել է նաև ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման, ընթացիկ ծրագրերի կյանքի կոչման հարցում սերտ փոխգործակցության պատրաստակամությունն ու հանձնառությունը։ Մտքեր են փոխանակվել միջազգային հարթակներում փոխգործակցության հարցերի շուրջ։
Երևանն ու Բաքուն դեկտեմբերի 7-ին համատեղ հայտարարություն էին տարածել, ըստ որի՝ Ադրբեջանը ազատ կարձակի 32 հայ զինվորականի, իսկ հայկական կողմն, իր հերթին, երկու ադրբեջանցի զինվորականի։ Կողմերը նաև հաստատել են հարաբերությունները կարգավորելու և ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքների հարգման վրա հիմնված խաղաղության պայմանագիր կնքելու իրենց մտադրությունը։