Արցախցիներին բնակարանով ապահովելու հարցը կառավարության ուշադրության կենտրոնում է, խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ Armenia Today-ի հարցին ի պատասխան ասաց ԱԺ ՔՊ պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը։ Նա նշեց, որ հարցին ավելի մանրամասն տեղյակ են ԱԺ Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ պատգամավորները և մանրամասներ չնշեց։
ԱԺ ՔՊ պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը նույնպես չհայտնեց նախագծի մանրամասների մասին։ Նա հիշեցրեց, որ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ արցախցիներին բնակարանով ապահովելու ծրագրի նախնական փաթեթը փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը մի քանի օր առաջ է ուղարկել իրեն։
«Եկեք սա կոչենք երկարաժամկետ ծրագիր, որովհետև ես չեմ կարծում, որ միայն բնակարանի ապահովման մասին է խոսքը։ Մենք անցել են որոշակի կարճաժամկետ ծրագրի փուլ, հիմա պետք է արդեն երկարաժամկետ ծրագրեր իրականացնենք մեր արցախցի հայրենակիցների համար»,- ասաց Հովհաննիսյանը՝ նշելով, որ խորհրդակցությունից հետո կլինի հայտարարություն, ծրագիրը կլինի հասանելի և հնարավորինս կհանրայնացնեն՝ ծրագրի մասին տեղեկացնելու, արցախցիներին աջակցելու համար։
Հիշեցնենք, որ ԱԺ-կառավարություն հարցուպատասանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ շուտով կմեկնարկի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքացիներին բնակարաններով ապահովելու ծրագիրը։ «Կառավարության ներկայացրած 16 միլիոնի ծրագրով այս պահին Տավուշի մարզում 140 տուն է կառուցվում, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների համար»,- նշել է Փաշինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։