Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը գրավոր ամրագել է խաղաղության պայմանագրի նախագծում Հայաստանի իշխանությունների՝ նոր սահմանադրություն ընդունելու պահանջը, գրել է «Հրապարակ» թերթը՝ վկայակոչելով իր դիվանագիտական աղբյուրները։
Ալիևը պահանջում է, որ Հայաստանի ներքին օրենսդրությունը բացառի Ադրբեջանին տարածքային պահանջներ ներկայացնելու հնարավորությունը, պարզաբանել է հրատարակությունը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 18-ին Արդարադատության նախարարության աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ ասել էր, որ Հայաստանին անհրաժեշտ է նոր սահմանադրություն՝ պահպանելով խորհրդարանական ներկայիս ձևը։ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հունվարի 23-ին մամուլի ասուլիսի ժամանակ «չափազանցություն» է անվանել այն հայտարարությունները, թե երկրի իշխանությունները նախաձեռնում են նոր սահմանադրության ընդունումը՝ պայմանավորված Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացով:
Հայաստանի Երրորդ Հանրապետության Սահմանադրությունն ընդունվել է 1995 թվականի հուլիսի 5-ին համաժողովրդական հանրաքվեի արդյունքում։ 2015 թվականի դեկտեմբերի 6-ին հանրաքվեից հետո փոփոխություններ կատարվեցին երկրի Հիմնական օրենքում, ըստ որի՝ նախագահական կառավարման ձև ունեցող երկրից Հայաստանը դարձավ խորհրդարանական հանրապետություն, ինչի արդյունքում երկրում իրական իշխանությունն անցավ խորհրդարանին. խորհրդարանական մեծամասնությունը և նրա կողմից ձևավորված կառավարությունը։ Հայաստանի Սահմանադրության մեջ փոփոխություններ են կատարվել նաև 2005 թվականի նոյեմբերի 27-ի հանրաքվեի արդյունքներով։