Պատերազմում այս իշխանությունների կրած պարտությունից հետո ինչ առաջարկություն ներկայացնում են Ալիևին, նա պատռում-գցում է աղբանոցը։ Փոխարենն Ադրբեջանի բոլոր պարտադրանքներն այս իշխանություններն ընդունում են, Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Պատգամավորը նշել է, որ Ալիևն ու Փաշինյանը միաժամանակ նույն պահանջն են ներկայացրել հայ ժողովրդին: «Նրանք երկուսն էլ հայտարարեցին, որ եթե չփոխվի Հայաստանի Հանրապետության հիմքը, որը դրվել է դեռևս 1990 թվականին, երբ ընդունվեց ՀՀ Անկախության հռչակագիրը, ապա Հայաստանին պատերազմ է սպառնում»,- հավելել է Խաչատրյանը։
Նա հիշեցրել է, որ Փաշինյանն արմատական փոփոխությունների և «կործանարար» զիջումների մասին դեռևս մի քանի ամիս առաջ է խոսել խորհրդարանում:
«Երբ ինքը ներկայացրեց հայրենասիրության մոդելը և ասաց, որ այս ամենն սպառնում է մեր պետականությանը, ես իրեն հարցրի՝ փորձում է քանդե՞լ Երրորդ հանրապետությունը և ստեղծել նոր՝ Չորրորդ հանրապետությո՞ւն, չժխտեց և ասաց, որ իր համար տրամաբանությունը կարևոր չէ»,- ասել է Խաչատրյանը։
Նա հավելել է, որ վերջին զարգացումները ցույց են տալիս, որ Հայաստանի իշխանությունը կատարում է բացարձակապես այն, ինչ Ադրբեջանն իրենից պահանջում է, միակ հարցն այն է, թե Փաշինյանը փաթեթային զիջումների է գնացել նոյեմբերի 9-ից հետո՞, թե՞ սրանք փուլային զիջումներ են։
«Ադրբեջանն ինչ պահանջում է, ինքը զիջում է, Ադրբեջանի ախորժակը գրգռվում է և դարձյալ պահանջում է նորանոր զիջումներ։ Որո՞նք են այս զիջումների վերջը, ես, իրոք, չեմ տեսնում, որովհետև ցանկացած բան, որ Ալիևը մատը ճտտացնում է ու պահանջում, Փաշինյանը փորձում է մեզ ներկայացնել, որ դա բխում է մեր ժողովրդի շահերից»,- ասել է պատգամավորը։
Մանրամասները՝ տեսանյութում։