Վարչապետ Նիկոլ Փաշինյանը բրիտանական The Telegraph-ին տված հարցազրույցում հույս է հայտնել, որ Ադրբեջանի նախագահական ընտրություններից հետո Երևանն ու Բաքուն կկարողանան համաձայնության գալ խաղաղության պայմանագրի շուրջ։
Նրա խոսքով՝ համաձայնեցված են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ճարտարապետությունն ու սկզբունքները։
«Ըստ էության՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ճարտարապետությունը և սկզբունքները համաձայնեցված են, և նախորդ տարեվերջին մեզ թվում էր, թե մենք շատ մոտ ենք վերջնական պայմանագրի տեքստի համաձայնեցմանը, բայց սկզբից Ադրբեջանը երեք անգամ հրաժարվեց մասնակցել տարբեր ֆորմատներով բանակցություններին, որից հետո Ադրբեջանում նշանակվեցին նախագահական ընտրություններ: Եվ, ըստ էության, մենք այս կետի վրա ենք, և ենթադրում եմ, որ նախագահական ընտրություններից հետո այս կետերի շուրջ կկարողանանք հասնել իմպլիմենտացիայի, եթե քաղաքական կամք լինի»,- ասել է Փաշինյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանի կառավարությունը, ինչպես նախկինում, ունի այդ քաղաքական կամքը՝ գնալու Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման և տարածաշրջանում կոնկրետ խաղաղության։
Փաշինյանի կարծիքով՝ այն փաստը, որ Ադրբեջանը հրաժարվել է Հայաստանի հետ հանդիպումներից, այնուհետև ռազմական հարվածներ հասցրել և հայաթափել Լեռնային Ղարաբաղը, դրական ազդակներ չեն խաղաղության հասնելու ճանապարհին։
«Տեսեք՝ հունիսի 1-ին Քիշնևում տեղի ունեցավ հնգակողմ հանդիպում, որին մասնակցում էին Ֆրանսիայի նախագահը, Գերմանիայի կանցլերը, Եվրամիության խորհրդի նախագահը, Ադրբեջանի նախագահը և ես։ Պայմանավորվածություն ձևակերպվեց ու դա գրավոր հրապարակվեց, որ այդ ֆորմատով հաջորդ հանդիպումը տեղի կունենա Գրանադայում՝ 2023թ. աշնանը: Բայց Ադրբեջանը հրաժարվեց այդ հանդիպմանը մասնակցել, որտեղ այդ համատեքստում ձևակերպվեց, որ հաջորդ հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի վերջին՝ Բրյուսելում, եռակողմ ձևաչափով: Ադրբեջանը նորից հրաժարվեց այդ հանդիպմանը մասնակցել: Եվ եթե սրան գումարում ենք նաև այն իրադարձությունները, որոնք տեղի ունեցան Լեռնային Ղարաբաղում․ նախ ռազմական հարվածներ հասցվեցին Լեռնային Ղարաբաղին և, ըստ էության, հայաթափվեց Լեռնային Ղարաբաղն ամբողջությամբ՝ էթնիկ զտումների հետևանքով»,- ասել է վարչապետը:
Փաշինյանն ընդգծել է, որ նման քայլերը Հայաստանում վերլուծաբանները գնահատում են այնպես, որ Ադրբեջանը քայլ-քայլ նահանջում է խաղաղ գործընթացից և Հայաստանի հետ ձեռք բերված պայմանավորվածություններից:
Միաժամանակ՝ Փաշինյանը շեշտել է, որ թեև Ադրբեջանը չի հայտարարել Սոչիի և Պրահայի հայտարարությունների վերաբերյալ իր ստորագրությունը հետ կանչելու մասին, սակայն պարզ է, որ Հայաստանն ու Ադրբեջանը փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը՝ 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա։ «Այս տրամաբանությանը հակասող ցանկացած հայտարարություն անօրինական է»,- ընդգծել է վարչապետը։