ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Բրյուսելում Եվրոպական հանձնաժողովի հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրեն Խերտ Յան Կուպմանի հետ քննարկել է Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին և հարատև կայունության ապահովման ուղղությամբ առկա մարտահրավերներին վերաբերող հարցեր, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Կողմերն անդրադարձ են կատարել ՀՀ-ԵՄ երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակի, մասնավորապես ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի դրույթների արդյունավետ կիրարկմանն ու ՀՀ-ԵՄ փոխգործակցության խորացման հեռանկարներին։
ՀՀ ԱԳ նախարարը և գլխավոր տնօրենը քննարկել են նաև տարածաշրջանային տնտեսական ու տրանսպորտային ծրագրերին ՀՀ մասնակցության հարցեր, ինչպես նաև դիտարկել ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի հետագա առաջմղման հնարավորությունները։
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայ բնակչության միջնաժամկետ ու երկարաժամկետ կտրվածքով կարիքները հասցեագրելուն ուղղված ջանքերի շուրջ: