Ներքին Հանդի հատվածում փետրվարի 13-ին Ադրբեջանի ԶՈւ-ի կրակոցներից, որի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 1 վիրավոր, հայկական կողմը դիրքային կորուստներ չի ունեցել, «Ազատությանը» հայտնել է Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը:
«Չէ, չեն վերցրել: Առավոտյան եմ զրուցել, ասացին՝ դիրքային կորուստ չի եղել, ուղղակի դիրքային հրաձգություն է եղել: Տարբեր տրամաչափի զենքեր են օգտագործել, իրենք նախօրոք պատրաստվել են դրան, բոլոր զինատեսակներն էլ օգտագործել են։
Կրակոցներ են եղել, դիպուկահար էլ է եղել: Չեմ կարծում, թե հրետանի է աշխատել։ Հրետանու մասին խոսք չկա։ Հիմա այնտեղ տարբեր տեսակի մինամյոտներ (ականանետ) կան, խփել են մեր այդ հենակետերին»,- նշել է պատգամավորը:
ՀՀ ՊՆ-ն փետրվարի 13-ին հայտնել էր, որ սահմանին ադրբեջանական կողմի կրակի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 1 վիրավոր։ Գերատեսչությունը հրապարակել էր զոհված զինվորականների անունները։
ՀՀ ԱԳՆ-ն դատապարտել էր Ադրբեջանի կողմից Ներքին Հանդ գյուղի գնդակոծությունը՝ Ադրբեջանի այս գործողություններն անվանելով Հայաստանի դեմ ուղղված ռազմական սադրանք, նաև կոչ էր արել Բաքվին զերծ մնալ իրավիճակն ապակայունացնող գործողություններից և վերադառնալ բանակցություններին։