Ֆրանսիան ցանկանում է, որ Հայաստանն իմանա՝ թիկունք ունի հարևան Ադրբեջանի հետ լարվածության և իր պատմական դաշնակցի՝ Ռուսաստանի հետ լարված հարաբերությունների ֆոնին, գրում է Politico-ն:
Հոդվածագիրները նշում են, որ Հայաստանն իրեն դավաճանված է զգում Մոսկվայի կողմից այն բանից հետո, երբ սեպտեմբերին Ադրբեջանը հարձակողական գործողություններ էր ձեռնարկել Լեռնային Ղարաբաղում, իսկ «ռուսական խաղաղապահ զորախումբը մի կողմ էր կանգնել ու չէր միջամտել»։
«Մոսկվայի հետ խարխլված դաշինքով Հայաստանը նոր ընկերներ է փնտրում, իսկ Ֆրանսիան՝ իր մեծաթիվ էթնիկ հայկական փոքրամասնությամբ, արևմտյան երկրներից մեկն է, որ պաշտպանում է Հայաստանի շահերը»,- նշում է հրատարակությունը:
Ըստ նրա՝ Հայաստանը փնտրում է Արևմուտքի աջակցությունն Ադրբեջանի հետ «ռազմական հավասարակշռությունը վերականգնելու» համար:
Արձագանքելով հոդվածին՝ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դեկոտինին նշել է, որ այստեղ դրոշի բարձրացում չկա: «Հայաստանը ոչ մեկի հետնաբակը չէ, այլ բարեկամ և ժողովրդավարական երկիր, որի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը Ֆրանսիան աջակցում է»,- X-ի իր միկրոբլոգում գրել է դեսպանը։
Հայաստանի գլխին կախված սպառնալիքները մեզ ստիպում են ավելի արագ առաջ ընթանալ՝ արագ արձագանքել և կազմակերպել քայլեր, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը փետրվարի 23-ին հայտարարել էր Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիան Լըկորնյուն:
Փետրվարի 21-ին Ֆրասնիայի նախագահ Էմանուել Մակրոնը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հաստատել էր իր երկրի հանձնառությունը՝ զարգացնել համագործակցությունը Հայաստանի հետ պաշտպանական ոլորտում: «Ֆրանսիան տվել է իր համաձայնությունը պաշտպանական զինտեխնիկայի առաքման համար և կշարունակի այդ ոլորտում պատասպանատվությունը՝ չցանկանալով որևէ էսկալացիա»-, հայտարարել էր Մակրոնը: