Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու այցը Հայաստանին բացարձակապես որևէ բան չի տա, բացի ռիսկերից և վտանգներից, Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
«Չեմ բացառում նրա այցը Հայաստան, որովհետև Զելենսկին, Փաշինյանը և Ալիևն Արցախյան հարցում գաղափարակից ընկերներ են։ Հիշում եք, որ Զելենսկու նախագահության օրոք Կիևում պաստառներ էին փակցրել՝ «Ղարաբաղն Ադրբեջան է», Զելենսկին շնորհավորում էր Արդբեջանին տարածքային ամբողջականության վերականգնման համար։ Այնպես որ՝ Փաշինյանը նույն քաղաքականության կրողն է, և չեմ զարմանա, որ հրավիրած լինի»,- ասել է պատգամավորը։
Նրա խոսքով՝ այս իրավիճակում բացարձակ իմաստ չունի ևս մեկ անգամ գրգռել այն կազմակերպության անդամներին, որոնց ֆորմալ դեռ անդամակցում ենք՝ նկատի ունենալով ՀԱՊԿ-ին։
«ՀԱՊԿ-ին այլընտրանքը ո՞րն է։ Այս խառը օրերին, երբ աշխարհում անվտանգային մարտահրավերները խիստ սրվել են, նույնիսկ տրադիցիոն չեզոք Ֆինլանդիան և Շվեդիան են դիմել և անդամակցել ՆԱՏՕ-ին։ Հիմա Փաշինյանի հարաբերությունները գործընկերների հետ նախանձելի չեն՝ սկսած Յուրի Խաչատուրովին մեղադրանք ներկայացնելուց և ձերբակալելուց, երբ նա դեռևս հանդիսանում էր ՀԱՊԿ գլխավոր քարտուղար։ Իսկ ՆԱՏՕ-ում իրեն չեն ընդունում, ինքն էլ ասում է՝ դե որ այստեղ չեք ուզում, այնտեղ էլ չեք ընդունում, ես կմնամ մենակ։ Ինքը փորձում է դա որպես դիվանագիտական մտքի թռիչք և հանճարեղ լուծում ներկայացնել, բայց, իրականում, մնացել է մենակ»,- ասել է Խաչատրյանը։
Նրա խոսքով՝ Զելենսկու այցը որևէ ռացիոնալ բացատրություն չունի: «Կարծում եմ՝ ինքն իր երկրում ավելի լուրջ բաներ ունի անելու։ Բայց ինքը՝ իր երկիրը, ինչ ուզում է՝ թող անի։ Ես գիտեմ, որ մի մարդու մուտքը Հայաստան, ով շնորհավորում է Ալիևին տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար, չպետք է լինի»,- հավելել է Խաչատրյանը։
Փետրվարի 23-ին տեղեկություն էր տարածվել այն մասին, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին առաջիկայում կայցելի Հայաստան։