Փետրվարի 26-ին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հայտարարած՝ Երևանի Կոնդ թաղամասի վերակառուցման աշխատանքները կդառնան վարչապետ Նիկոլ Փաշինյանի իշխանության «սև էջերից», գրել է «Հրապարակ»-ը։
Լրատվականը «Կոնդի նախագիծը» նմանեցրել է 2001 թվականին Հյուսիսային պողոտայի կառուցման նպատակով Երևանի կենտրոնի բնակիչների տարհանմանը։ «Այդ տարհանումները դարձան Ռոբերտ Քոչարյանի իշխանության ամենասև էջերից մեկը»,- նշել է թերթը։
«Հրապարակ»-ը հավելել է, որ Ավինյանի հայտարարությունից հետո Կոնդի բնակիչները զանգահարել են խմբագրություն։ «Աբսուրդային գներ են առաջարկում, 210 հազար դրամով կենտրոնից ո՞ւր գնանք… Մարդիկ 100 տարի ապրել են Կոնդում, հիմա եկել եք՝ կոպեկներով ուզում եք հանե՞ք մեզ մեր տներից, մենք ոչ մի գումար չենք ուզում, ուզում ենք ընդամենը մեր համար տներ սարքեն` մի երկու-երեք շենք, մնացածն ինչ ուզում են, թող անեն»,- մեջբերել է հրատարակությունը կոնդեցիների խոսքերը։
Փետրվարի 26-ին Երևանի գործակարգավարական նիստի ժամանակ Ավինյանը հայտարարել էր «Կոնդ» թաղամասի իրացման և օտարման մասին: Ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ Հայկ Մուրադյանը տեղեկացրել էր, որ տարածքի արժեքը կազմում է 214 կամ 139 հազար դրամ, իսկ 25 դեպքերի մասով ունեն 100-650 հազար դրամ վճարի ենթակա գումարներ։
2021 թվականին ՀՀ քաղաքաշինության կոմիտեն հայտարարել էր Կոնդ թաղամասի կառուցման միջազգային ճարտարապետական և քաղաքաշինական բաց մրցույթ։ Կոնդի վերակառուցման նախագիծը մշակվել էր «Երևաննախագիծ» ինստիտուտի և Ֆրանսիայի Լիոն քաղաքի քաղաքապետարանի կողմից։
2023 թվականի ապրիլին Ավինյանը, ով այն ժամանակ զբաղեցնում էր Երևանի փոխքաղաքապետի պաշտոնը և Լիոնի քաղաքապետ Գրեգորի Դուսեթն այցելել էին Կոնդ և պայմանավորվել, որ հայ և ֆրանսիացի մասնագետները մոտ ապագայում կսկսեն աշխատանքը: