ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 1-ին Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովին հանձնարարել է նոր Սահմանադրություն գրել և ստացել է բացասական պատասխան կապված այն բանի հետ, որ հանձնաժողովը լիազորություն չունի գրել նոր Սահմանադրություն, հայտնել է «Հրապարակ»-ը։
«Հանձնաժողովում կան մարդիկ, որոնք չեն ուզում Ադրբեջանի կողմից թելադրված Սահմանադրություն գրելու խարանը կրել, նրանք վերջին նիստին բուռն քննարկել են այդ հարցը: Իհարկե, այլ երանգ են տվել, թե իրենք չեն կարող նոր Սահմանադրություն գրել` չունեն նման մանդատ, իրենք փոփոխություններ մշակելու համար են ձևավորվել»,- գրել է թերթը։
Սակայն Փաշինյանը հակադարձել է՝ որևէ խնդիր չի տեսնում այդտեղ, որ նոր Սահմանադրությունը պետք է գրի գործող խորհուրդը, հայտնել է լրատվականը։ Թերթի տեղեկություններով՝ նոր հանձնաժողովի հիմնումը կարող է խնդրահարույց լինել, քանի որ «գործն ստանձնելու պատրաստ մարդիկ շատ չեն» և հայտնի չէ, թե կոնկրետ երբ է սպասվում նոր Սահմանադրության հանրաքվեն։
«Փաշինյանը որևէ հստակ բան չի ասել, թե երբ է նախատեսվում սահմանադրական հանրաքվեն, ինչ ժամկետում պետք է գրվի մայր օրենքը և այլն: Խիստ անորոշ և ոչ կառուցողական քննարկում է եղել, որի մասին անգամ պաշտոնական հաղորդագրություն չեղավ»,- նշել է թերթը։
Փաշինյանը հունվարի 19-ին հայտարարել էր, որ Հայաստանին անհրաժեշտ է նոր Սահմանադրություն՝ գործող խորհրդարանական կառավարման համակարգի պահպանմամբ: Դրա ընդունման անհրաժեշտությունը կառավարության ղեկավարը պայմանավորել էր աշխարհում, տարածաշրջանում և Հայաստանում տեղի ունեցող փոփոխություններով։ Փետրվարի 14-ին Ադրբեջանի նախագահը հայտարարել էր, որ խաղաղության պայմանագիր հնարավոր է միայն այն դեպքում, եթե Հայաստանն իր օրենսդրությունը «նորմալ տեսքի բերի, հրաժարվի Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներից»