Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեիին և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիին՝ Նոուրուզի առիթով, հայտնում է ՀՀ կառավարությունը։
Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդին ուղղված ուղերձում վարչապետը մաղթել է, որ գալիք տարին հարևան և բարեկամ Իրանի ժողովրդի համար նշանավորվի բացառիկ հաջողություններով ու խաղաղությամբ։
«Գոհունակությամբ կարող եմ արձանագրել, որ փոխադարձ հարգանքի ու շահերի համադրման մթնոլորտում զարգացող Հայաստան-Իրան հարաբերությունները շարունակում են իրենց անշեղ ընթացքը: Լիահույս եմ, որ լիարժեքորեն օգտագործելով մեր երկկողմ հարաբերություններում առկա մեծ ներուժը՝ ընթացիկ տարում կհասնենք փոխգործակցության նոր հորիզոնների՝ ի նպաստ երկու բարեկամ ժողովուրդների բարեկեցության և տարածաշրջանային կայունության»,- ասված է ուղերձում:
Իրանի նախագահին Փաշինյանը մաղթել է, որպեսզի հարևան և բարեկամ Իրանի համար լինի անխախտ խաղաղության և նորանոր ձեռքբերումների տարի։ Նրա խոսքով՝ ՀՀ կառավարությունն ու ժողովուրդն առանձնահատուկ կերպով են կարևորում փոխադարձ հարգանքի և վստահության վրա խարսխված Հայաստան-Իրան հարաբերությունները:
«Համոզված եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ ամենակարճ ժամանակահատվածում նոր լիցք կհաղորդենք երկկողմ հարաբերությունների հարուստ օրակարգին, և կկենսագործվեն ինչպես ընթացիկ, այնպես էլ նախանշվող բազում ծրագրեր»,- ասել է ՀՀ վարչապետը։
Մարտի 19-ին Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնում վերընտրվելու առիթով վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ էր հղել Վլադիմիր Պուտինին։