ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մամուլի խոսնակ Նելլի Ղուլյանը պարզաբանել է, թե ինչու Հայաստանը չի միացել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) ԱԺ պատվիրակությունների՝ Մերձմոսկովյան շրջանի Crocus City Hall համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչությունը դատապարտող հայտարարությանը։
«Հայաստանին առաջարկ է եղել միանալ համատեղ հայտարարությանը։ Մենք հրաժարվել ենք, քանի որ ՀՀ-ն սառեցրել է իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին»,- Armenia Today-ին հայտնել է խոսնակը։
Մարտի 26-ին ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանական պատվիրակությունների ղեկավարները համատեղ հայտարարությամբ դատապարտել էին Crocus City Hall-ի դաժան ահաբեկչությունը։ Նրանք պատրաստակամություն էին հայտնել ակտիվորեն պայքարել ահաբեկչական և ծայրահեղական գաղափարախոսության տարածման դեմ, ինչպես նաև հակազդել ահաբեկչական կազմակերպությունների շարքերին հավաքագրվելու գործընթացին։
Մարտի 22-ի երեկոյան Մերձմոսկովյան շրջանում գտնվող Crocus City Hall համերգասրահում ահաբեկչություն էր տեղի ունեցել, ինչի հետևանքով 139 մարդ է զոհվել։ Ռուսական ԶԼՄ-ները մարտի 26-ին հայտնել էին, որ Մոսկվայի Բասմանի դատարանը կալանավորել է ահաբեկչության գործով 8-րդ մեղադրյալին։ Դատարանը մարտի 25-ին կալանավորել էր ևս 3 մեղադրյալի։ Ավելի վաղ դատարանը կալանավորել էր ահաբեկչության գործով 4 մեղադրյալի։ Մարտի 23-ին իրավապահները ձերբակալել էին ահաբեկչության մեջ կասկածվող 11 անձի, ձերբակալվածներից մեկը խոստովանել էր, որ մարտի 4-ին ժամանել էր Թուրքիայից։ Մարտի 24-ին ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը հայտնել էր, որ ահաբեկչության հետևանքով Հայաստանի քաղաքացի է զոհվել, նա չէր նշել մահացածի անունը։ ՌԴ ԱԻՆ ցուցակում ահաբեկչության զոհերի թվում էր Լիլիթ Խալիտի Իսրայելյանը։