Ներքին գործերի նախարարությունը խրախուսական նորմեր կներդնի այն վարորդների համար, ովքեր վարչական տույժեր ունեն և ցանկանում են էլեկտրոնային եղանակով ծանուցումներ ստանալ՝ վաղաժամկետ մարելու համար։
Վարորդները տուգանքի չափից 30%-ով պակաս կվճարեն, եթե վճարումը կատարեն տուգանքի մասին ծանուցումՆ ստանալուց հետո 15 օրվա ընթացքում, հայտնել է ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պետի տեղակալ, գնդապետ Արման Չիլինգարյանը: Որոշումն ուժի մեջ կմտնի ապրիլի 5-ին։
«Օրինակ՝ 5000 դրամ տուգանքի պարագայում 70 տոկոսը կկազմի 3500 դրամ, 10 000-ի դեպքում՝ 7000 դրամ։ Տեսալուսանկարահանող սարքերով հայտնաբերված տուգանքների ակտում դա նշված կլինի որպես ուղենիշ։ Բացառություն են կազմում վարչական ակտը բողոքարկելու դեպքերը, այսինքն՝ եթե 15-օյա ժամկետում չի բողոքարկում, ապա կարող է օգտվել այս խրախուսական նորմից»,- նշել է Չիլինգարյանը։
Մայիսի 1-ից 20% զեղչ կգործի այն վարորդների համար, ովքեր ՆԳՆ էլեկտրոնային հասցե կտրամադրեն, որով կծանուցվեն տուգանքի մասին:
«Այսինքն՝ ի սկզբանե, տուգանքը կնշանակվի 20 տոկոսով պակաս․ 5000 դրամի դեպքում դա կկազմի 4000 դրամ, 10 000-ի դեպքում՝ 8000 դրամ և այլն։ Մայիսի 1-ից երկու խրախուսական նորմերը կգործեն միասին և, օրինակ, 5000 դրամի փոխարեն քաղաքացին կվճարի 2800 դրամ»,- տեղեկացրել է ոստիկանության գնդապետը։