Արցախի հարցերով հանձնախմբի համակարգող, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը և հանձնախմբի որոշ անդամներ 2024-ի սկզբին հանդիպել են Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ, որի ժամանակ Գրիգորյանը նրանց հասկացրել է, որ Արցախի թեման փակված է, գրել է «Հրապարակ» օրաթերթը։
Հանդիպումը, ըստ աղբյուրի, ընդամենը 20-30 րոպե է տևել և անցել է «սառը» մթնոլորտում։
«Հանձնախումբը ներկայացրել է անելիքներն ու առաքելությունը, փորձել են Գրիգորյանին հասկացնել, որ եթե անգամ մեծ արդյունքների հնարավոր չլինի հասնել, գոնե հարցը «տաք կպահեն», ինչը կնպաստի Հայաստանի պաշտպանության հզորացմանը, ադրբեջանական ագրեսիան կզսպի։ ԱԽ քարտուղարը, սակայն, նրանց հասկացրել է, որ իշխանությունն Արցախի հարցում անելիք չի տեսնում»,- հավելել է թերթը։
Օսկանյանի գլխավորած հանձնախմբի կազմը հրապարակվել էր փետրվարի 3-ին։ Նա հայտնել էր, որ հանձնաժողովի հիմնական խնդիրն արցախահայության հիմնարար իրավունքների պաշտպանությունն է և, առաջին հերթին, նրանց հավաքական հայրենադարձությունը՝ միջազգային երաշխիքների պահպանմամբ։ Մարտի 16-ին Օսկանյանը կոչ էր արել օրակարգ բերել արցախահայությանն արժանապատիվ պայմաններով իրենց տները վերադարձնելու հարցը՝ հաշվի առնելով մարտի 13-ին Եվրախորհրդարանի ընդունած բանաձևը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։