Ադրբեջանը կգնա նոր արկածախնդրության, հայտարարել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը՝ մեկնաբանելով ադրբեջանական զինուժի գործողությունները սահմանին։
Նրա խոսքով՝ Ադրբեջանն առաջնագծում ակնհայտ սադրանք է հրահրում, որն ուղեկցվում է ոչ միայն կեղծ տեղեկությունների կտրուկ ավելացմամբ, այլ առաջնագծի մի շարք ուղղություններում կրակահերթերի իրականացմամբ:
Ըստ պատգամավորի՝ մինչև այս պահը դրանք լուրջ միջադեպեր չեն եղել, ինչը չի բացառում, որ իրադրությանը նոր սրություն հաղորդելով՝ Ադրբեջանը կգնա նոր արկածախնդրության:
«Չեմ կարծում, որ Ադրբեջանը լայնամասշտաբ գործողության կգնա (ուրիշ բան, որ դա կարող է հետո վերաճել), սակայն սահմանագծի մի շարք վտանգավոր ուղղություններով, միգուցե, փորձի ներխուժում իրականացնել` օգտագործելով «սահմանային ճշգրտման» կեղծ պատրվակ, այնպես ինչպես ճակատի այլ ուղղություններով իրականացրեց 2020-23 թթ.»,- գրել է նա:
Աբրահամյանը կարծում է, որ թեման առավել վտանգավոր է դարձել հատկապես ՀՀ իշխանության` մեր վերահսկողության տակ գտնվող տարբեր բնակավայրեր ադրբեջանական հռչակելուց հետո, որն ըստ էության, Ադրբեջանի համար գործելու բարենպաստ դաշտ է բացել:
Ադրբեջանի ԶՈւ-ն ապրիլի 5-ի լույս 6-ի գիշերը Գեղարքունիքի, Սյունիքի և Տավուշի սահմանագոտու ՀՀ ԶՈւ դիրքերի ուղղությամբ փոփոխական ինտենսիվությամբ և անկանոն կրակ է բացել տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից։ ՀՀ ԱԳՆ-ն Ադրբեջանին կոչ է արել դադարեցնել իրադրության սրմանը հասնելու գործողությունները։