Մենք շարունակում ենք զարգացնել փոխգործակցությունը մեր տնտեսական համագործակցության շրջանակներում՝ ձգտելով կանխել ԵԱՏՄ-ն քաղաքականացնելու ցանկացած փորձերը, Ղազախստանի Egemen Qazaqstan և Казахстанская правда թերթերին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ ԵԱՏՄ-ն և նրա տնտեսական սկզբունքները չպետք է փոխկապակցվեն քաղաքական հավակնությունների հետ:
«Առևտրի և ինտեգրման հիմնական ազատությունները չեն կարող և չպետք է սահմանափակվեն քաղաքական նկատառումներով, ինչը կհանգեցնի միավորման հիմնարար սկզբունքների կորոզիայի»,- ասել է վարչապետը:
Նա հավելել է, որ ԵԱՏՄ-ն տնտեսական միավորում է՝ առանց որևէ քաղաքական և, հատկապես, աշխարհաքաղաքական օրակարգի, հայկական և ղազախական կողմերը հիմնականում կիսում են այս մոտեցումը և զարգացնում են փոխգործակցությունն այս տնտեսական միավորման շրջանակներում հենց այս տրամաբանությամբ։
Փաշինյանը նաև նշել է, որ Երևանի և Աստանայի հարաբերություններն առանձնանում են իրենց ռազմավարական բնույթով և ներառում են վստահելի քաղաքական երկխոսություն, այդ թվում՝ ամենաբարձր մակարդակով։
«Հայաստանը, ինչպես և Ղազախստանը, հատուկ կարևորում է տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքների զարգացումը։ Այս համատեքստում, ՀՀ կառավարությունը ներկայացրել է մեր տարածաշրջանի համար լայնածավալ «Խաղաղության խաչմերուկ» ենթակառուցվածքային նախագիծը, որը ենթադրում է մի շարք տրանսպորտային և հաղորդակցության ուղիների ստեղծում և արդիականացում»,- ասել է Փաշինյանը։
Հարցին, որ Ղազախստանում գործում է հայկական կապիտալով գրանցված ավելի քան 400 ընկերություն, ինչո՞վ է Հայաստանը գրավիչ ղազախ գործարարների համար, վարչապետը պատասխանել է, որ ՀՀ կառավարության վարած «բաց դռների» քաղաքականության շնորհիվ ներդրումային գործունեության սահմանափակումներ գործնականում չկան։
«Հայաստանը հետևողականորեն վարում է բազմավեկտոր արտաքին առևտրային քաղաքականություն, և դա՝ հաշվի առնելով ԵԱՏՄ-ի շրջանակներում Ղազախստանի հետ ունեցած առևտրի արտոնյալ ռեժիմը, ինչպես նաև առևտրային և տրանսպորտային ուղիները դիվերսիֆիկացնելու նպատակով երկու երկրների տրանսպորտային և լոգիստիկ կարողությունները համատեղելու հնարավորությունը, մեր երկիրը գրավիչ է դարձնում ղազախ գործարարների համար»,- ասել է նա:
Փաշինյանը հավելել է, որ այսօր Ղազախստանում ապրում և արարում են տասնյակ հազարավոր հայեր՝ իրենց զգալի ներդրումն ունենալով բարեկամ երկրի կայացման և զարգացման գործում։
«Չնայած Հայաստանում բնակվող էթնիկ ղազախների համեմատաբար փոքր թվին, մեր ժողովուրդը միշտ համակրանքով և խորը վստահությամբ է վերաբերվել ղազախ ժողովրդին՝ բարձր գնահատելով մեր դարավոր բարեկամությունը»,- ասել է վարչապետը։
Այսօր ավելի վաղ հայտնել էինք, որ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ապրիլի 15-ին մեկօրյա պաշտոնական այցով կժամանի Հայաստան։