ԵԽԽՎ Ադրբեջանի հարցով համազեկուցող, նորվեգացի պատգամավոր Լիզ Քրիստոֆերսենը հայտնել է, որ Նախարարների կոմիտեում բանակցություններ են ընթանում Ադրբեջանին ԵԽԽՎ վերադարձնելու շուրջ, սակայն Ադրբեջանը մի քանի պահանջ պետք է կատարի։
«Մենք ցանկանում ենք Ադրբեջանին տեսնել վեհաժողովում, սակայն դրա համար Ադրբեջանի իշխանությունները պետք է որոշակի զիջումների գնան և կատարեն մի շարք պահանջներ»,- ադրբեջանական ԶԼՄ-ին տված հարցազրույցում ասել է Քրիստոֆերսենը։
Հստակեցնելով պահանջները՝ նա ընդգծել է, որ Ադրբեջանի իշխանությունները պետք է համագործակցեն վեհաժողովի հետ և պայմաններ ստեղծեն երկրում համազեկուցողների անարգել աշխատանքի համար։
«Նրանք պետք է պայմաններ ստեղծեն, որ համազեկուցողներն անարգել այցելեն երկրի բանտեր։ Ադրբեջանը պետք է կատարի իր պարտավորությունները մարդու իրավունքների ոլորտում»,- հավելել է պաշտոնյան։
2023-ի հունիսի 3-7-ն Ադրբեջանում գտնվող Մոնիթորինգային կոմիտեի համազեկուցողներին թույլ չէին տվել այցելել քաղբանտարկյալներին: 2024-ի հունվարի 22-ին ԵԽԽՎ-ում հայտարարել էին, որ վիճարկել են Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները, նման որոշման պատճառ էր դարձել Բաքվի կողմից կազմակերպության շրջանակում ունեցած պարտավորությունները չկատարելը։ Գերմանացի պատգամավոր Ֆրանկ Շվաբեն ԵԽԽՎ որոշումը կապել էր 2023-ին սեպտեմբերյան ռազմական գործողությունների ընթացքում Արցախից հայերի բռնի տեղահանման, Ադրբեջանում քաղբանտարկյալների մեծ թվի հետ։ 2024-ի հունվարին Ադրբեջանը դադարեցրել էր համագործակցությունը ԵԽԽՎ-ի հետ։