ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը չի հրաժարվել տավուշցիների հետ հանդիպումից, Armenia Today-ին հայտնեց նրա գրասենյակի մամուլի խոսնակ Անի Բաբայանը՝ մեկնաբանելով Գրիգորյանի՝ տավուշցիների հետ հանդիպելուց հրաժարվելու մասին մամուլում հրապարակված լուրերը։
Նրա խոսքով՝ Տավուշի ներկայացուցիչներն իրենք են գալու Երևան՝ այսօր կառավարության շենքում նրա հետ հանդիպելու համար, սակայն հանդիպման ժամի մասին տեղեկություն Բաբայանը չհայտնեց։
Գրասենյակից չհայտնեցին նաև, թե ովքեր են Տավուշի պատվիրակության անդամները և երբ է ձեռք բերվել Երևանում հանդիպելու պայմանավորվածությունը։
«Գուցե հենց սկզբից էլ պայմանավորվել են այստեղ հանդիպել»,- ասաց նա՝ խոստանալով ավելի ուշ ճշտել տեղեկությունը և փոխանցել։
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչների բողոքի ակցիաներն սկսվել էին ապրիլի 19-ի երեկոյան, ցուցարարները փակել էին Երևան-Թբիլիսի միջպետական ճանապարհը: Ապրիլի 20-ին ճանապարհը բացել էին այն բանից հետո, երբ պայմանավորվածություն էր ձեռք բերվել ապրիլի 22-ին տավուշցիների ներկայացուցիչների և փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի միջև հանդիպում անցկացնել։ Ապրիլի 22-ին, սակայն, բնակիչները վերսկսել էին ակցիաները, քանի որ զորքերի հետքաշման նպատակով ՊՆ-ի կողմից Կիրանցի հատվածում ականազերծման աշխատանքներ էին սկսվել։
Ապրիլի 19-ին ՀՀ ԱԳՆ-ն հայտնել էր, որ Սահմանազատման հանձնաժողովների 8-րդ հանդիպման արդյունքներով Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են գործընթացն սկսել Տավուշի մարզից։ Այդ օրն ավելի ուշ ՀՀ վարչապետի աշխատակազմը նշել էր, որ սահմանազատումից հետո Զինված ուժերը նշված հատվածների շրջանում իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին: Աշխատակազմում հստակեցրել էին, որ գործընթացի արդյունքում «Ադրբեջանի սահմանապահ ծառայությունն է՛լ ավելի կմոտենա Կիրանց և Ոսկեպար գյուղերին»։