Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին, որի հետ քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը, խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները, հայտնում են կառավարությունից։
Կլաարը վերահաստատել է Եվրամիության դիրքորոշումը՝ նշելով, որ ԵՄ-ն լիովին աջակցում է Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացին՝ համապարփակ ու տևական կարգավորման նպատակով, ինչպես նաև 1991թ․ Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա սահմանազատման գործընթացը մեկնարկի պայմանավորվածությանը:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել տարածաշրջանային իրավիճակին։ Քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությանն ու դրա հետագա զարգացմանը վերաբերող հարցեր:
ՀՀ ԱԳՆ ապրիլի 19-ին հայտարարել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշի մարզից, ինչից հետո Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել։ Ակցիաների պատճառ էր դարձել նաև վարչապետի աշխատակազմի՝ ավելի ուշ արված հայտարարությունը, ըստ որի՝ սահմանազատումից հետո Զինված ուժերը նշված հատվածների շրջանում իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին, իսկ Ադրբեջանի սահմանապահ ծառայությունն է՛լ ավելի կմոտենա Կիրանց և Ոսկեպար գյուղերին։ Ապրիլի 22-ի դրությամբ բողոքի ակցիաները շարունակվում են։