Հայերի էթնիկ զտումները շարունակվել են 2020-2023 թվականներին՝ չնայած 1915 թվականին Հայոց ցեղասպանությունից հետո ընդունված ՄԱԿ-ի կոնվենցիային, գրել է ՀՀ ԱԳՆ-ն՝ Հայոց ցեղասպանության 109-ամյակի առթիվ տարածած հաղորդագրության մեջ։
«Արդեն 21-րդ դարում՝ 2020-2023թթ., մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականությանն ու դրա հետևանքներին. 150 հազարից ավել հայ պատերազմի, այլատյացության, ինքնության հիման վրա հանցագործությունների, պաշարման և բնակչության նկատմամբ ահաբեկման հետևողական գործողությունների հետևանքով բռնի տեղահանվեց և ստիպված եղավ լքել իր պատմական հայրենիքը»,- նշել է գերատեսչությունը։
ԱԳՆ-ն հիշեցրել է, որ 1,5 միլիոն հայության դեմ իրականացված ոճրագործությունն է հիմք է դարձել «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» միջազգային կոնվենցիայի սահմանման համար։
Հաղորդագրության մեջ ասված է, որ ժամանակակից աշխարհում ցեղասպանության ռիսկերն ու արձանագրվող դեպքերը, ինչպես նաև մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտումների բազմաթիվ այլ օրինակները հաշվի առնելով՝ «Հայաստանը միջազգային հարթակներում շարունակում է ակտիվ ներգրավածությունը ցեղասպանության հանցագործության դեմ պայքարում ջանքերի համադրման, նոր ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման և զոհերի իրավունքների պաշտպանության նպատակով»:
Հայերի բնաջնջումը, միջազգային իրավունքի համաձայն, պաշտոնապես ճանաչվել է որպես ցեղասպանություն և դատապարտվել 34 երկրների կողմից, այդ թվում՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Բելգիայի, Ֆրանսիայի և Շվեյցարիայի։ Թուրքիան, Ադրբեջանը, Իսրայելը, Մեծ Բրիտանիան և մի շարք այլ երկրներ չեն ճանաչում Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանությունները որպես ցեղասպանություն, իսկ որոշներն ունեն ցեղասպանության ժխտման ագրեսիվ քաղաքականություն։