«Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հայտնել է, որ վարչապետի հետ հանդիպումից հետո կիրանցիները շատ մտահոգ են ու վրդովված։
«Մեր բոլոր մտահոգությունները հաստատվել են, գյուղը բաժանվում է երկու մասի։ Կամուրջի, տների հատվածը, մարդկանց կադաստրի վկայականները, ոչ մի բան հաշվի չեն առնվել»,- նշել է նա։
Դանիելյանը նաև ասել է, որ գյուղացիները բազմաթիվ հարցեր են ուղղել իրենց հետագա ապրելու, ապահովություն հետ կապված, որևէ հարցի պատասխան չի տրվել։
«Բերում է գյուղի մեջ ադրբեջանցիներ նստեցնում և ասում՝ ես որևէ երաշխիք չեմ կարող տալ»,- ընդգծել է պատգամավորը՝ հավելելով, որ սպասում են համագյուղացիների վերադարձին, որպեսզի մանրամասն խոսեն։
Կառավարության մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Փաշինյանը կիրանցիներին առաջարկել է «համատեղ քննարկումների միջոցով» լուծել խնդիրները։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը հայտնել էր, որ հանդիպումից հետո գյուղի բնակիչները նորից հայտնվել են անորոշության, վախի մեջ։ Նրա խոսքով՝ մարդիկ արդեն մտածում են ամենավատի մասին ու շոկի մեջ են։ Բացի դրանից, կիրանցիների արած ողջամիտ առաջարկներից ոչ մեկը չի ընդունվել։ Բնակիչներից մեկը լրագրղներին ասել է, որ ոչ մի նոր բան չկա։ «Այդ մարդիկ այնտեղ չեն ապրելու»,- նշել է բնակչուհին՝ չկարողանալով զսպել հուզմունքը։
ՀՀ ԱԳՆ-ն ապրիլի 19-ին հայտնել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշի մարզից, ինչից հետո Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել։ Ակցիաների պատճառ էր դարձել նաև վարչապետի աշխատակազմի՝ ավելի ուշ արված հայտարարությունը, ըստ որի սահմանազատումից հետո Զինված ուժերը նշված հատվածների շրջանում իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին։ Ապրիլի 19-ից մեկնարկած ակցիաները հաջորդող օրերին տարածվել էին նաև ՀՀ մյուս մարզերում և Երևանում։