Երևանի Սուրբ Աննա եկեղեցու բակում Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը շեշտել է, որ մայիսի 15-ը որոշիչ է լինելու։ Նրա խոսքով՝ այդ օրը «որոշակի ջրբաժան կա», քանի որ սահմանազատման արձանագրությունների առաջին փուլի ավարտն է։
«Մայիսի 15-ին կհասկանանք, թե ինչ է տեղի ունենում և կտեղեկացնեմ, թե մայիսի 16-ին ինչ ենք անելու»,- ասել է նա և հավելել, որ առաջիկայում իրենց գործողությունների սահմանն ավելի է ընդլայվելու և կոնկրետացվելու է ամեն ինչ։
Սրբազանը կոչ է արել մայիսի 15-ին բողոքի ակցիա իրականացնել Փաշինյանի մասնակցությամբ միջոցառման ժամանակ։
Շարժման տեղեկություններով՝ մայիսի 15-ին՝ ժամը 17:00-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում EBRD միջազգային ֆորումի շրջանակներում կայանալու է միջոցառում, որին մասնակցելու է Նիկոլ Փաշինյանը:
«Սրբազան պայքար» Telegram ալիքը հայտնում է, որ ժամը 15:30-ին չորս ուղղություններով շարժվելու են դեպի Օպերա։
Բագրատ Սրբազանն ավելացրել է, որ վաղը նորից կշարունակվեն ակցիաները, հանդիպումները քաղաքական կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների հետ։
Արքեպիսկոպոսը նաև հայտնել է մայիսի 14-ի ընթացքում իր ունեցած հանդիպումների և խոսել հաջորդ քայլերի մասին։
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդը հանդիպել է խորհրդարանական «Պատիվ ունեմ» խմբակցության, «Հանրապետական» կուսակցության ներկայացուցիչների, նախկին երեք վարչապետների՝ Հրանտ Բագրատյանի, Խոսրով Հարությունյանի և Վազգեն Մանուկյանի հետ։
Նրա խոսքով՝ բոլորն էլ ներքին ոգևորություն ունեն, «որովհետև տեսնում են, թե փողոցում, տներում ինչ է կատարվում»։
«Բավականին երկար քննարկումներ ենք ունեցել, մեր պատկերացումներն ենք ներկայացրել, նաև առաջարկներ ենք ստացել, իրենց դիրքորոշումն են հայտնել»,- նշել է Բագրատ Սրբազանը։
Նա հայտնել է, որ «կարիք կա որոշակի իմաստով գործել «Քաղաքացիական պայմանագրի» հետ»՝ պատրաստակամություն հայտնելով հանդիպել նրանց։ «Իրենք իրենց լավ չեն պահում»,- հավելել է նա։
ՀՀ ԱԳՆ-ի ապրիլի 19-ի հայտարարությունից հետո Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել։ Մայիսի 4-ից «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ երթ էր սկսել դեպի Երևան, որը նպատակակետին էր հասել մայիսի 9-ին․ Երևանում հանրահավաք էր կայացել։ Սրբազանը հանրահավաքին հայտարարել էր Փաշինյանի հրաժարականի պահանջի մասին։
Մայիսի 10-ին, 11-ին, 13-ին և 14-ին Երևանում և մարզերում անհնազանդության ակցիաներ էին անցկացվել։
Մայիսի 10-ին անհնազանդության ակցիաների ժամանակ բերման էր ենթարկվել 10 քաղաքացի, մայիսի 11-ին՝ 48 քաղաքացի։ Մայիսի 13-ին ոստիկանությունը բերման էր ենթարկել ակցիայի 171 մասնակցի, իսկ մայիսի 14-ին՝ 63 քաղաքացու, այդ թվում՝ նաև անչափահասներ։ «Կարմիրբերետավորների» կողմից անհամաչափ ուժի կիրառման հետևանքով Կարեն Գևորգյանն ստացել էր ոտքի կոտրվածք։
Մանրամասները՝ տեսանյութում։