Հայաստանի կողմից ՀԱՊԿ-ի ֆինանսավորման դադարեցումը ողբերգություն չէ, ՀԱՊԿ-ը շարունակում է աշխատել, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։
Նրա խոսքով՝ ՀԱՊԿ-ում եղել են իրավիճակներ, երբ անդամ երկրներն ուշացրել են իրենց ներդրումները կամ մասամբ վճարել, և դա ողբերգություն չէ:
«Իսկ ահա ռազմաքաղաքական տեսանկյունից՝ ՀԱՊԿ-ի նկատմամբ Հայաստանի հետագա ուղենիշը կորոշվի ինչպես նրա ազգային շահերով, որոնք նա պետք է լավ ներկայացնի և հասկանա, այնպես էլ երկրի սեփական անվտանգության ապահովման հնարավորություններով»,- հավելել է Պանկինը։
Մարտի 26-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ)։ Ապրիլի 22-ին վարչապետը նշել էր, որ ՀԱՊԿ-ին Հայաստանի վերամասնակցությունն անհնարին կդառնա, եթե Հայաստանի նկատմամբ կազմակերպության դիրքորոշումը պահպանվի։ Նրա խոսքով՝ ՀԱՊԿ-ում չկա մեխանիզմ, որի վրա անդամ երկրները՝ Ռուսաստանը, Հայաստանը, մյուս երկրները կարող են հույս դնել:
Մայիսի 8-ին ՀՀ ԱԳՆ-ն հայտնել էր, որ Հայաստանը ձեռնպահ կմնա «Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության 2024թ. բյուջեի մասին» ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի՝ 2023թ. նոյեմբերի 23-ի որոշմանը միանալուց և դրանով նախատեսված՝ կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը մասնակցելուց։