«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը խոսել է Երևանի «Անի Գրանդ» հյուրանոցում քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ փակ հանդիպման արդյունքների մասին։
Նրա խոսքով՝ հանդիպման մասնակիցները ցանկություն են հայտնել, որ նա լինի վարչապետի թեկնածու, ինչպես նաև աջակցություն են հայտնել շարժմանը, նրա առաջ քաշած գաղափարներին և ապագայի մասին պատկերացումներին։
«Որոշում, որպես այդպիսին, պաշտոնականացված չկա։ Նրանք ցանկություն, համախոհություն են արտահայտել ամբողջ շարժմանը, առաջադրած գաղափարներին, նաև ապագայի պատկերացումներին»,- պարզաբանել է արքեպիսկոպոսը։
Նա նաև հայտնել է, որ վարչապետի պաշտոնում իր թեկնածության մասին որոշում կկայացվի միայն Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ հանդիպումից հետո` «հասկանալու համար, ի վերջո, այդպես են գնալու, թե այլ ճանապարհով»։
Այդ հանդիպումը, ըստ նրա, նախատեսված է մայիսի 26-ին։
«Ժողովուրդն ինքը պետք է վավերացնի, հաստատի կամ առաջադրի։ Ես սեփական ջանքերով առաջադրվելու նպատակ, ցանկություն, մղում չունեմ»,- հայտարարել է նա։
Քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների հետ փակ հանդիպումից հետո քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը հայտնել է, որ հանդիպմանը մասնակցած քաղաքական ուժերի կողմից կոնսեսուս կա բոլոր օրակարգերի շուրջ։
«Համատարած փոխադարձ ըմբռնման բարձր մակարդակ, փոխհամաձայնություն կա բոլոր օրակարգերի շուրջ»,- ասել է նա և հավելել, որ հանդիպումն իր նպատակին է ծառայել։
Դեմոկրատական այլընտրանք կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը պարզաբանել է, որ խոսքը երկու հիմնական հարցերի շուրջ առկա կոնսեսուսի մասին է։ Նրա խոսքով՝ դա Նիկոլ Փաշինյանի հրաժարականն է բոլոր հնարավոր քաղաքական տարբերակներով։ Մյուսն այն է, որ շարժման միացյալ թեկնածուն պետք է լինի Բագրատ Սրբազանը։
«Երկրորդ հարցի ճանապարհին սահմանադրական որոշակի արգելքներ կան, բայց լուծելի հարց է, որովհետև պետք է հանրային ճնշման ճանապարհով խորհրդարանի միջոցով 148 հոդվածի որոշակի վերանայումներ լինեն»,- նշել է քաղաքական գործիչը։
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել ՀՀ ԱԳՆ-ի՝ ապրիլի 19-ին հայտարարությունից հետո, որով Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշից։ Բնակիչները հայտարարել էին, որ դեմ եմ Հայաստանի զիջումներին։
Մայիսի 4-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը երթ էր սկսել դեպի Երևան, ուր հասել էին մայիսի 9-ին և նույն օրը հանրահավաք անցկացրել՝ հայտարարելով, որ պատրաստվում են ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահության գործընթաց սկսել։ Սրբազանը հանրահավաքի ժամանակ կոչ էր արել մայիսի 13-ի առավոտից անհնազանդության ակցիաներ սկսել։ Երևանն ու Բաքուն մայիսի 15-ին ստորագրել էին Տավուշում սահմանի սահմանազատման արձանագրությունը։
Մայիսի 17-ին Բագրատ Սրբազանը հայտնել էր քաղաքական դաշտի ներկայացուցիչների հետ ծրագրված հանդիպման մասին։
Մանրամասները՝ տեսանյութում։