Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը մշակույթի գործիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջիկա հանրահավաքի օրը։
Նրա խոսքով՝ մայիսի 26-ին տեղի կունենա շարժման «կարևոր հանրահավաքը»։ Նա նաև ասել է, որ մայիսի 27-ից շարժումն սկսելու է «կոնկրետ նախաձեռնություններ» իրականացնել։
«Հաջորդ կիրակի մեր կարևոր հավաքն է լինելու, հանրահավաքը։ Մայիսի 27-ից սկսվելու են մեր շատ որոշակի, կոնկրետ գործողությունները։ Մայիսը լավ ամիս է»,- նշել է նա։
Մայիսի 16-ին Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հայտարարել էր մեծ հանրահավաք հրավիրելու մասին։ «Այն ամենաառանցքայինն է լինելու, կիմանաք մեր գործողությունների մասին»,- ասել էր նա։
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել ՀՀ ԱԳՆ-ի՝ ապրիլի 19-ին հայտարարությունից հետո, որով Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշից։ Բնակիչները հայտարարել էին, որ դեմ եմ Հայաստանի զիջումներին։
Մայիսի 4-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը երթ էր սկսել դեպի Երևան, ուր հասել էին մայիսի 9-ին և նույն օրը հանրահավաք անցկացրել՝ հայտարարելով, որ պատրաստվում են ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահության գործընթաց սկսել։ Սրբազանը հանրահավաքի ժամանակ կոչ էր արել մայիսի 13-ի առավոտից անհնազանդության ակցիաներ սկսել։ Երևանն ու Բաքուն մայիսի 15-ին ստորագրել էին Տավուշում սահմանի սահմանազատման արձանագրությունը։