Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն այսօր հանդիպել է քաղաքական ուժերի ներկայացուցիչների, մշակույթի գործիչների, պահեստազորի սպաների հետ։
Մշակույթի գործիչների հետ հանդիպման ժամանակ Սրբազանը հայտարարել էր «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջիկա հանրահավաքի մասին, որը կկայանա մայիսի 26-ին։
Բագրատ Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու մոտ հայտնել է, որ մշակույթի գործիչների հետ հանդիպմանը ներկա էր մոտ 300 արվեստագետ։
Նա նաև նշել է, որ հանդիպման ժամանակ պայմանավորվել են, որպեսզի մի խումբ արվեստագետներ այցելեն տարբեր մարզեր, հանդիպեն ժողովրդի հետ։ Նրա խոսքով՝ վաղը մի խումբ կայցելի Կիրանց։
Նախկին զինվորականները, պահեստազորի սպաները, ըստ նրա, պատրաստակամություն են հայտնել մասնակցելու շարժման ընթացքին։
Զինվորականների հետ հանդիպումը, Սրբազանի խոսքով, անցել է փակ ռեժիմով և դրա մանրամասները նա չի կարող բացահայտել։ Նա ասել է, որ նախկին զինվորականները, պահեստազորի սպաները պատրաստակամություն են հայտնել զանազան հանգրվաններում մասնակից լինելու շարժման ընթացքին։
Նա ավելացրել է, որ մշակույթի գործիչների և նախկին զինվորականների հետ հանդիպման ժամանակ քննարկել են այդ ոլորտների զարգացման հայեցակարգերը, նրանց տեսլականները։
Խոսելով առաջիկա հանդիպումների մասին` Բագրատ Սրբազանը հայտնել է, որ հանդիպելու են ուսուցիչների, տնտեսագետների, IT ոլորտի մարդկանց հետ։
«Պետք է որոշակի եզրահանգման գանք և կիրակի օրը մեր անելիքների վերջին փուլը հայտարարենք ու գործենք»,- ասել է նա։
Սուրբ Աննա եկեղեցու մոտ ելույթ է ունեցել նաև «Հայաստան» խմբակցության պատգամավոր, շարժման նախաձեռնողներից Գառնիկ Դանիելյանը։ Նա խոսել է Կիրանցում տիրող իրավիճակի մասին և հայտնել ՀՀ իշխանությունների հետ բնակիչների հանդիպման մանրամասները։ Նա նշել է, որ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն այցելել է գյուղ և ասել, որ գյուղը բաժանվում է երկու մասի, իսկ դպրոցի մասն անցնում է Ադրբեջանին։
«Ճանապարհը պիտի անցնի եկեղեցով, ու դա այս անհայրենիքները նորմալ երևույթ են համարում։ Գյուղացիներին տարբեր մեթոդներով փորձում են համոզել»,- ասել է պատգամավորը։
Նա նշել է, որ իշխանություններն այսօրվանից սկսած` սահմանապահ զորախմբեր են տեղակայում Կիրանցում։
Համախոհների հետ հանդիպման վերջում Բագրատ Սրբազանը դիմել է Ազգային Անվտանգության ծառայությանը, դատախազությանը, որպեսզի վերջիններս հայտնեն իրենց ուսումնասիրությունների արդյունքները՝ կապված շարժման անդամների՝ «գործակալ» լինելու մեղադրանքների հետ։ Նա պահանջել է տեղեկությունն ստուգելուց հետո զրպարտողներին պատասխանատվության կանչել։
«Մեզ անվանել են գործակալներ, նրանք պատգամավորների շարքում են, այսպես կոչված` փորձագետ են, երկու շաբաթ է գրեթե անցել, որևէ մեկը գործ չի հարուցել մեզանից որևէ մեկի դեմ որպես այդպիսին։ Եթե արդյունքներ չեն հայտնում, ուրեմն այդ մարդիկ զրպարտել են յուրաքանչյուրիս և պետք է պատասխանատվության ենթարկվեն զրպարտության համար»,- նշել է նա։
Փաստաբան Սերգեյ Հարությունյանը եկեղեցու մոտ հայտնել է, որ տեղեկություն են ստացել ոստիկանական որոշ բաժիններում անչափահասների նկատմամբ սպառնալիքներ հնչեցնելու մասին։
«Մի շարք ոստիկաններ անցել են բոլոր սահմանները, և անչափահաս երեխաների հետ կապված սպառնալիքներ են հնչեցրել, իբրև այնպիսի իրավիճակ կստեղծեն, որ այդ երեխաները նույնիսկ դպրոց չեն կարողանա հաճախել, նույնիսկ ծնողներին սպառնացել են, որ կզրկեն ծնողական իրավունքներից»,- ասել է իրավապաշտպանը։
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել ՀՀ ԱԳՆ-ի՝ ապրիլի 19-ին հայտարարությունից հետո, որով Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշից։ Բնակիչները հայտարարել էին, որ դեմ եմ Հայաստանի զիջումներին։
Մայիսի 4-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը երթ էր սկսել դեպի Երևան, ուր հասել էին մայիսի 9-ին և նույն օրը հանրահավաք անցկացրել՝ հայտարարելով, որ պատրաստվում են ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահության գործընթաց սկսել։ Սրբազանը հանրահավաքի ժամանակ կոչ էր արել մայիսի 13-ի առավոտից անհնազանդության ակցիաներ սկսել։ Երևանն ու Բաքուն մայիսի 15-ին ստորագրել էին Տավուշում սահմանի սահմանազատման արձանագրությունը։
Մանրամասները՝ տեսանյութում։