Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանցից հայտնել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 21-ի ծրագրերի մասին։ Նա նշել է, որ պատրաստվում է այցելել Երևանում Իրանի դեսպանատուն՝ ցավակցություն հայտնելու Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի և նրան ուղեկցողների մահվան կապակցությամբ։
Ըստ Գալստանյանի՝ նա վաղը 16։00-ին կհանդիպի փորձագետների, վերլուծաբանների, քաղաքագետների և ՀԿ ներկայացուցիչների հետ, ըստ ավանդության՝ ժամը 19։00-ին Սուրբ Աննա եկեղեցու բակում շարժումը կամփոփի օրը։
Բագրատ Սրբազանը համախոհներին կոչ է տարածել մայիսի 26-ի մեծ հանրահավաքի մասին տեղեկությունը։ «Շատ խոսեք մարդկանց հետ մայիսի 26-ի մեր հանրահավաքի մասին, որը մեզ համար վճռական և վճռորոշ նշանակություն է ունենալու»,- հավելել է նա։
Մայիսի 20-ին Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը գլխավորող Բագրատ Սրբազանին, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներին, լրագրողներին և շարժման աջակիցներին ոստիկանական ուժերն արգելել էին մուտք գործել բնակավայր, 14 անձ բերման էր ենթարկվել ոստիկանների կողմից։
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել ՀՀ ԱԳՆ-ի՝ ապրիլի 19-ին հայտարարությունից հետո, որով Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշից։ Բնակիչները հայտարարել էին, որ դեմ են զիջումներին։
Մայիսի 4-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը երթ էր սկսել դեպի Երևան, ուր հասել էին մայիսի 9-ին և նույն օրը հանրահավաք անցկացրել՝ հայտարարելով, որ պատրաստվում են ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահության գործընթաց սկսել։ Սրբազանը հանրահավաքի ժամանակ կոչ էր արել մայիսի 13-ի առավոտից անհնազանդության ակցիաներ սկսել։ Երևանն ու Բաքուն մայիսի 15-ին ստորագրել էին Տավուշում սահմանի սահմանազատման արձանագրությունը։ Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում գեոդեզիական չափումների հիման պաշտոնական տվյալներով մայիսի 6-ի դրությամբ 40 սահմանային սյուն էր տեղադրվել։ ԱԱԾ-ն մայիսի 19-ին սահմանափակել էր Կիրանցում հաշվառում չունեցողների մուտքը բնակավայր։
Մանրամասները՝ տեսանյութում։