ԱՄՆ-ի կողմից Հայաստանին ուղղված աջակցությունն ամրապնդելու համար Երևանի մի շարք խնդրանքներ ենք վերանայում, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
«Հայաստանից դիտարկում ենք մի շարք հարցումներ՝ տեսնելու համար, թե ինչ կարող ենք անել մեր աջակցությունն ու համագործակցությունն է՛լ ավելի ամրապնդելու համար: Մենք առաջ ենք շարժվելու մի շարք ուղղություններով»,- ասել է Բլինքենը։
Նա խոսել է խաղաղության պայմանագրի մասին՝ նշելով, որ այն կնքելն «օգուտ կբերի և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին, և՛ ամբողջ տարածաշրջանին»։
Մայիսի 3-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի 66 անդամ նույն պալատի հատկացումների հանձնաժողովի ղեկավարներին կոչ էր արել 200 մլն դոլար հատկացնել արցախցի փախստականներին, ընդլայնել ԱՄՆ ռազմական օգնությունը Հայաստանին, ամբողջապես դադարեցնել ռազմական և անվտանգային աջակցությունն Ադրբեջանին և ուսումնասիրել Ադրբեջանի ռազմական հանցագործների նկատմամբ պատժամիջոցների կիրառման հարցը։
2023 թվականի սեպտեմբերի 19-20-ն Արցախի վրա Ադրբեջանի հարձակումից հետո Արցախից բռնի տեղահանվածների թիվը գերազանցել է 100 հազարը։ 2023-ի հոկտեմբերի 26-ին Հայաստանի կառավարությունը նրանց տվել էր փախստականի կարգավիճակին համարժեք պաշտպանության ժամանակավոր կարգավիճակ։