ՀՀ իշխանությունների ոգևորությունից և ԵՄ դեսպանի հետաքրքրվածությունից դատելով՝ Մարգարայի կամրջի բացման օրը հեռու չէ, գրել է «Հրապարակ»-ը։
Մայիսի 23-ին ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը Թուրքիայի սահմանին գտնվող Մարգարայի անցակետ էր ուղեկցել ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին և ցույց տվել, որ անցակետն անհրաժեշտ ենթակառուցվածքներով ու տեխնիկական սարքավորումներով պատրաստ է շահագործման։
Թերթը հավելել է, որ անցակետը պատրաստ է բեռներ ընդունելուն, սակայն սահմանը դեռ չի բացվել։ Նա հիշեցրել է, որ Թուրքիան պայման է դրել` մինչև Ադրբեջանի բոլոր պահանջները չկատարվեն, այն չի բացվելու:
2023 թվականի հոկտեմբերին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ պայմանավորվածություն կա Հայաստան-Թուրքիա սահմանը երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցողների համար բացելու մասին։ Նույն տարվա սեպտեմբերին ԶԼՄ-ները գրել էին, որ ՊԵԿ-ը շուրջ 630 միլիոն դրամի պայմանագիր է կնքել հայ-թուրքական սահմանին գտնվող Մարգարայի մաքսակետի կառուցման կապալառու «Արտկոն» ՓԲԸ-ի հետ՝ երկրորդ փուլի աշխատանքները շարունակելու համար։
Իսկ փետրվարին Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից 3 օր անց Թուրքիան միայն օգնություն ստանալու համար էր բացել ու անմիջապես փակել Մարգարայի կամուրջը։ Փաշինյանի որոշմամբ՝ Հայաստանը փետրվարի 11-ին և 15-ին հարյուր տոննայից ավելի մարդասիրական օգնություն էր ուղարկել թուրք ժողովրդին՝ հատելով հայ-թուրքական Մարգարա-Ալիջան (Իգդիր) ցամաքային սահմանը։