Անշեղորեն հետևելով Ձեր ռազմավարական կուրսին՝ Հայաստանը կշարունակի իր վստահ առաջընթացը և հաջողությամբ կյանքի կկոչի ուժեղ և բարգավաճ պետություն կառուցելու նախանշված բոլոր ծրագրերը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված շնորհավորանքում ասել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։
«Բարձր եմ գնահատում Ձեր՝ Ղազախստանի և Հայաստանի հարաբերությունների հետագա ամրապնդման հանձնառությունը, որոնք դինամիկ զարգանում են բարեկամության և փոխշահավետ համագործակցության ոգով»,- ասված է ուղերձում:
Տոկաևը Փաշինյանին մաղթել է քաջառողջություն և հաջողություններ՝ պատասխանատու պետական գործունեության մեջ, իսկ Հայաստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն, բարեկեցություն և բարգավաճում»։
Ղազախստանի վարչապետ Օլժաս Բեկտենովը նույնպես շնորհավորել է ՀՀ վարչապետին՝ ընդգծելով, որ նրա անմիջական ղեկավարությամբ Հայաստանը զգալի արդյունքների է հասել տնտեսական զարգացման գործում՝ ցուցաբերելով աճի դինամիկ տեմպեր։
«Լիահույս եմ, որ երկկողմ և բազմակողմ ձևաչափերով ղազախա-հայկական հարաբերությունների հետագա ամրապնդման ուղղությամբ մեր երկրների կառավարությունների համատեղ աշխատանքը կշարունակի հաջողությամբ զարգանալ՝ ի շահ Ղազախստանի և Հայաստանի ժողովուրդների։ Ձեր աշխատանքային գործունեությունը, հարուստ կենսափորձը, պրոֆեսիոնալիզմն ու նվիրումը նշանակալի ներդրում ունեն պետության կայուն զարգացման ապահովման գործում»,- ասված է Բեկտանովի ուղերձում։
Փաշինյանը շնորհավորական ուղերձ է ստացել նաև Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևից, ով համոզմունք է հայտնել, որ համատեղ ջանքերով երկրների միջև գործնական համագործակցությունը կշարունակի հետևողականորեն զարգանալ՝ ի նպաստ ժողովուրդների ընդհանուր շահերի։
Այսօր Փաշինյանին շնորհավորել էին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ՌԴ կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինը։