ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն օրերս Ձորաղբյուրում գտնվող իր առանձնատանը հանդիպել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ, գրել է «Հրապարակ»-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները։
Ըստ թերթի՝ շարժման առաջնորդը Սարգսյանի հետ կիսվել է շարժման հետագա մարտավարության իր պատկերացումներով։
«Գալստանյանն ասել է, որ ի սկզբանե կողմ էր գործընթացները խորհրդարան տեղափոխելուն՝ անվստահություն հայտնելով վարչապետին, սակայն առայժմ հակառակ ուղղությամբ են շարժվելու՝ փողոցի ճնշումը մեծացնելով մտնել խորհրդարան։
Թերթը նշում է, որ Սարգսյանն արքեպիսկոպոսին տեղեկացրել է՝ ՀՀԿ-ն շարժմանն աջակցել է դեռևս նրա Երևան հասնելուց առաջ, հավաստիացրել, որ ինքը և ՀՀԿ-ն մինչև վերջ աջակցելու են շարժմանը։
Նախկին նախագահը բողոքի շարժման գերնպատակ է անվանել «Նիկոլից ազատվելը» և ասել, որ դրանից հետո կարող են ընդհանրապես տեղ չունենալ պետական կառավարման համակարգում։
Թերթը հիշեցրել է, որ Գալստանյանը Կիրանց գյուղի դեպքերից և բողոքի շարժման մեկնարկից 15 օր առաջ հանդիպել էր առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին։ Մայիսի 30-ին արքեպիսկոպոսը հանդիպել էր նաև ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ։