«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Սուրբ Աննա եկեղեցու բակում խոսել է առաջիկա օրերի օրակարգի մասին։
Նա հայտնել է, որ հունիսի 7-ին միջազգային մամուլի հետ հարցազրույցներ ունի, իսկ երեկոյան «տեղ են գնալու»՝ առանց հստակեցնելու կոնկրետ վայրը։
Գալստանյանը նաև ավելացրել է, որ հունիսի 8-ին այցելելու են Վանաձոր քաղաք՝ «հանդիպելու և մոտիկից իմանալու, թե ինչ է տեղի ունենում աղետի հետ կապված»։
Շարժման առաջնորդը նշել է, որ առաջիկա օրերին ծրագրում են Եռաբլուր այցելել։ Նա նաև հիշեցրել է հունիսի 9-ի հանրահավաքի մասին։
«Դրան հաջորդող մյուս բոլոր քայլերը միտված են լինելու մեր հաղթանակն ամրագրելուն, այն հաղթանակը, որը մեր մտքերի ու սրտերի մեջ է»,- ասել է Գալստանյանը։
Շարժման մասնակիցները հավաքից հետո Երևանի փողոցներով իրազեկման ակցիա են իրականացրել։
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել ՀՀ ԱԳՆ-ի՝ ապրիլի 19-ին հայտարարությունից հետո, որով Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշից։ Բնակիչները հայտարարել էին, որ դեմ են Հայաստանի զիջումներին։ Մայիսի 4-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը երթ էր սկսել դեպի Երևան, ուր հասել էին մայիսի 9-ին և նույն օրն անցկացրել առաջին հանրահավաքը՝ հայտարարելով, որ պատրաստվում են ԱԺ-ում Փաշինյանի նկատմամբ անվստահության գործընթաց սկսել։
Երևանն ու Բաքուն մայիսի 15-ին ստորագրել էին Տավուշում սահմանի սահմանազատման արձանագրությունը։ Մայիսի 24-ին ՀՀ ԱԱԾ-ն հայտարարել էր, որ սահմանապահ զորքերը Տավուշում պաշտոնապես անցել են Ադրբեջանի հետ սահմանազատված սահմանի պահպանությանը, որը կիրականացվի Բերքաբեր բնակավայրի 1,9 կմ, Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերի 4,9 կմ հատվածներում։
Մայիսի 26-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հանրահավաք էր իրականացրել, որի ընթացքում հայտարարել էին, որ վարչապետի իրենց թեկնածուն Բագրատ Սրբազանն է։ Շարժումը պահանջել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը՝ հայտարարելով մայիսի 27-ից անհնազանդության ակցիաներ սկսելու մասին։
Մանրամասները՝ տեսանյութում։