Հայ-ռուսական հարաբերությունները լավագույն օրերը չեն ապրում, միջազգային լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
Նրա խոսքով՝ հարաբերությունները միակողմանի չեն վատանում, դրանք երկուստեք են, և երկկողմ խնդիրները պետք է լուծվեն գործընկերային սկզբունքով։
«Մեր հարաբերությունները պետք է լինեն շատ վստահելի, գործընկերային և կանխատեսելի, ոչ այսօրվա նման տարերային։ Մենք բազմաթիվ հարցեր ունենք ռուսական կողմին, բայց այսօր գոյություն ունեն երկուստեք իրավապայմանագրային հարաբերություններ և դրանք պետք է կարգավորվեն»,- նշել է նա։
Գալստանյանի խոսքով՝ «բոլոր հարցադրումները պետք է տեղի ունենան փոխադարձ հասկացողության, փոխվստահության, կառուցողական և դրական մակարդակի վրա»։
Շարժման առաջնորդը շեշտել է, որ ՀՀ-ի հարաբերություններն այլ երկրների հետ պետք է զարգանան առանց հակադրվելու։ Նրա խոսքով՝ արտաքին քաղաքականությունը չպետք է իրադարձություններով պայմանավորված լինի, այլ պետք է լինի ծրագրված, կայուն, վստահելի, գործընկերոջ համբավ ունենալով՝ չթեքվելով այս կամ այն կողմ, իսկ առանցքում՝ հայկական շահը պետք է լինի։
«Մեր հարբերությունները պետք է զարգանան առանց հակաների գաղափարի։ Մենք չենք կարող հակամարտությամբ, հակատրամադրությամբ զարգացնել հարաբերությունները։ Եվ ամենակարևոր հարցը․ բոլոր հարաբերությունների առանցքը պետք է լինի հայկական օրակարգը, ՀՀ-ի շահը»,- ասել է նա։
Արքեպիսկոպոսի խոսքով՝ այսօր Ադրբեջանի հետ իրական հարաբերություններ, բանակցություններ չկան։ «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, որոնք պետք է տեղի ունենան իրական մարդկանց և իրական հարաբերությունների մեջ՝ ոչ թե պարզապես իմիտացիոն սկզբունքով»,- նշել է շարժման առաջնոդը։
Նա հավելել է, որ երկկողմ հարաբերությունները պետք է ընթանան օրինակելի օրակագով, սեղանին առկա խնդիրների արծարծումով և խաղաղության պայմանագիր ստորագրելու իրական ձգտում ունենալով՝ «ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի, միջոցով»։
Գալստանյանն ընդգծել է, որ Ադրբեջանի հետ բանակցությունները պետք է կայանան երաշխավորների առկայությամբ, որի լավագույն հարթակը, նրա խոսքով, ԵԱՀԿ Մինսկի խումբն է։
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել ՀՀ ԱԳՆ-ի՝ ապրիլի 19-ին հայտարարությունից հետո, որով Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշից։ Բնակիչները հայտարարել էին, որ դեմ են Հայաստանի զիջումներին։ Մայիսի 4-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը երթ էր սկսել դեպի Երևան, ուր հասել էին մայիսի 9-ին և նույն օրն անցկացրել առաջին հանրահավաքը՝ հայտարարելով, որ պատրաստվում են ԱԺ-ում Փաշինյանի նկատմամբ անվստահության գործընթաց սկսել։
Երևանն ու Բաքուն մայիսի 15-ին ստորագրել էին Տավուշում սահմանի սահմանազատման արձանագրությունը։ Մայիսի 24-ին ՀՀ ԱԱԾ-ն հայտարարել էր, որ սահմանապահ զորքերը Տավուշում պաշտոնապես անցել են Ադրբեջանի հետ սահմանազատված սահմանի պահպանությանը, որը կիրականացվի Բերքաբեր բնակավայրի 1,9 կմ, Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերի 4,9 կմ հատվածներում։
Մայիսի 26-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հանրահավաք էր իրականացրել, որի ընթացքում հայտարարել էին, որ վարչապետի իրենց թեկնածուն Բագրատ Սրբազանն է։ Շարժումը պահանջել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը՝ հայտարարելով մայիսի 27-ից անհնազանդության ակցիաներ սկսելու մասին։
Մանրամասները՝ տեսանյութում։