ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է Հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպության (ՀԱՊԿ) 2024 թվականի բյուջեն վերանայելու մտադրության մասին, քանի որ «Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը հրաժարվել է վճարել հաշվարկված վճարը», «Ռիա Նովոստի»-ին հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից։
«Հաշվի առնելով, որ Հայաստանի ղեկավարությունը հրաժարվել է վճարել հաշվարկված գումարը, անհրաժեշտ է ճշգրտել ՀԱՊԿ-ի բյուջեն ընթացիկ տարվա համար»,- նշել են ՀԱՊԿ-ում։
Մայիսի 8-ին ՀՀ ԱԳՆ խոսնակ ԱՆի Բադալյանը «Լուրերին» հայտնել էր, որ ՀՀ-ն ձեռնպահ կմնա «ՀԱՊԿ 2024թ. բյուջեի մասին» ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի՝ 2023թ. նոյեմբերի 23-ի որոշմանը միանալուց և դրանով նախատեսված՝ կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը մասնակցելուց։
Մարտի 26-ին հունական Kathimerini օրաթերթին տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ ՀՀ-ն ՀԱՊԿ միջոցառումներին բարձր ու բարձրագույն մակարդակով չի մասնակցում։ Փետրվարի 22-ին Փաշինյանը France 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել էր, որ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին։
Իր հերթին՝ ՀԱՊԿ-ը հայտարարել էր, որ կազմակերպությունը Հայաստանից պաշտոնական հաղորդագրություն չի ստացել իր մասնակցությունը կասեցնելու մասին։ ՌԴ ԱԳՆ-ն փետրվարի 23-ին ՀԱՊԿ-ի մասին Փաշինյանի խոսքերից հետո Երևանից պարզաբանում էր ակնկալել, իսկ մարտի 6-ին հայտարարել, որ ՌԴ-ն հայկական կողմին Երևանի համար խնդրահարույց հարցերի շուրջ խորհրդակցությունների է հրավիրել։ Փաշինյանը մարտի 12-ին ասել էր, որ Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից, եթե իր բարձրացրած հարցերի պատասխանները չստանա։
Փաշինյանը մայիսի 22-ին հայտարարել էր, որ գիտի ՀԱՊԿ առնվազն երկու երկիր, որոնք մասնակցել են 2020 թվականի 44-օրյա պատերազմի նախապատրաստմանը։ ՌԴ Պետդումայի ԱՊՀ և եվրասիական ինտեգրման հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը մայիսի 23-ին հայտարարել էր, որ երբ Փաշինյանը ՀԱՊԿ երկու երկրներին մեղադրել է Բաքվին օգնելու մեջ, նկատի է ունեցել Ռուսաստանին և Բելառուսին։
Ապրիլի 1-ին ՀԱՊԿ-ը Հայաստանում իր պատասխանատվության գոտի էր անվանել Հայաստանի ինքնիշխան տարածքը՝ կարգավորված պետական սահմաններում: Կազմակերպությունն այդ մասին հայտարարել էր ի պատասխան Փաշինյանի այն խոսքերի, որ Երևանը դուրս կգա ՀԱՊԿ-ից, եթե չստանա հանրապետությունում ՀԱՊԿ պատասխանատվության գոտու վերաբերյալ իր բարձրացրած հարցերի պատասխանները: