ՀՀ Ազգային ժողովի խորհուրդը հունիսի 10-ի նիստում մերժել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու կառավարության հրաժարականի պահանջով ԱԺ արտահերթ նիստ գումարելու վերաբերյալ խորհրդարանական ընդդիմության միջնորդությունը, հայտնել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։
Կոնջորյանի խոսքով՝ խորհրդի կազմի ՔՊ խմբակցության բոլոր անդամները դեմ են քվեարկել ընդդիմության միջնորդությանը։
ԱԺ խորհրդի նիստից հետո «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը լրագրողներին մանրամասնել է, որ խորհրդի կազմը բաղկացած է 14 անդամից։ Նրա խոսքով՝ ՔՊ-ն ունի 12 անդամ։ Միջնորդությանը կողմ է քվեարկել ընդդիմության 2 ներկայացուցիչ։
Մինասյանն ընդգծել է, որ կառավարությանն անվստահություն հայտնելու օրակարգով ԱԺ նիստն օրենքի ուժով կկայանա հունիսի 17-ին՝ ժամը 18:30-ին։ Մինասյանը հավելել է՝ կարևոր է, որ ժողովրդի պահանջը լինի այնքան հուժկու, որ ՔՊ պատգամավորներն ստիպված գան և մասնակցեն նիստին։
Կոնջորյանն ԱԺ-ում լրագրողներին հայտնել է, որ իրենք չեն մասնակցելու արտահերթ նիստին, որն օրենքի ուժով կգումարվի հունիսի 17-ին։
Ընդդիմության 33 պատգամավոր հունիսի 10-ին ԱԺ խորհրդին էր ներկայացրել միջնորդություն և պահանջել արտահերթ նիստ գումարել հունիսի 11-ին՝ ժամը 18։00-ին։ Ըստ ԱԺ միջնորդության՝ արտահերթ նիստում Ազգային ժողովը պետք է կառավարության հրաժարականի և նոր կառավարության ձևավորման ուղերձ հղեր։ Մինասյանն ավելի վաղ հայտնել էր, որ եթե ԱԺ խորհուրդը չընդունի իրենց միջնորդությունը, օրենքի ուժով ԱԺ արտահերթ նիստը կկայանա հունիսի 17-ին։
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել ՀՀ ԱԳՆ-ի՝ ապրիլի 19-ին հայտարարությունից հետո, որով Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշից։ Բնակիչները հայտարարել էին, որ դեմ են Հայաստանի զիջումներին։ Մայիսի 4-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը երթ էր սկսել դեպի Երևան, ուր հասել էին մայիսի 9-ին և նույն օրն անցկացրել առաջին հանրահավաքը՝ հայտարարելով, որ պատրաստվում են ԱԺ-ում Փաշինյանի նկատմամբ անվստահության գործընթաց սկսել։
Երևանն ու Բաքուն մայիսի 15-ին ստորագրել էին Տավուշում սահմանի սահմանազատման արձանագրությունը։ Մայիսի 24-ին ՀՀ ԱԱԾ-ն հայտարարել էր, որ սահմանապահ զորքերը Տավուշում պաշտոնապես անցել են Ադրբեջանի հետ սահմանազատված սահմանի պահպանությանը, որը կիրականացվի Բերքաբեր բնակավայրի 1,9 կմ, Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերի 4,9 կմ հատվածներում։
Մայիսի 26-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հանրահավաք էր իրականացրել, որի ընթացքում հայտարարել էին, որ վարչապետի իրենց թեկնածուն Բագրատ Սրբազանն է։ Շարժումը պահանջել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը՝ հայտարարելով մայիսի 27-ից անհնազանդության ակցիաներ սկսելու մասին։ Հունիսի 9-ին անցկացրած հանրահավաքից առաջ շարժման առաջնորդները հայտարարել էին, որ 4 օր մնալու են փողոցում և հասնելու են Փաշինյանի ու կառավարության հրաժարականին։ Ցուցարարները վրաններ են տեղադրել Ազգային ժողովի դիմաց և շարունակում են փակ պահել Բաղրամյան պողոտան։
Մանրամասները՝ տեսանյութերում։