ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, մեկնաբանելով Մոսկվայի մեղադրանքները Երևանի ոչ բարեկամական պահվածքի մասին, Ազգային ժողովում լրագրողներին հայտարարել է, որ Ռուսաստանի իշխանությունները «գցել են» Հայաստանին և հայ ժողովրդին:
«Հայաստանն իրեն միշտ որպես հավատարիմ գործընկեր է պահել։ Երեխայի պես հավատացել, մինչև վերջին պահը ՀՀ-ն հույս է ունեցել, որ Ռուսաստանն իրեն մենակ չի թողնի և չի «գցի»։ Ռուսաստանի իշխանությունը «գցել է» Հայաստանին ու հայ ժողովրդին։ Մեզ խաբել են, մեզ միայնակ են թողել։ Զարմանքով և նախանձով էի նայում, թե ինչպես էին օգնում Իսրայելին, երբ հազարավոր հրթիռներ էին թռչում Իսրայելի ուղղությամբ (Իրանից-խմբ․)»,- ընդգծել է Սիմոնյանը։
Հայաստանի խորհրդարանի խոսնակը Ռուսաստանին 2020 թվականին Արցախում 44-օրյա պատերազմ թույլ տալու մեջ է մեղադրել։
«Ռուսաստանը թույլ տվեց, որ մտնեն, մեր երեխեքին կոտորեն։ Կասպից ծովում մի նավ չկա՞ր, որ մի քիչ մոտ գար Ադրբեջանին։ ՌԴ-ն Հայաստանին այլընտրանք չի թողել, քան ինքն իրեն ինքնուրույն պաշտպանելն է։ Հիմա այդ փորձը որպես ոչ դրական, ոչ բարիդրացիական վերաբերմունք ներկայացնելն անարդար է»,- եզրափակել է Սիմոնյանը։
Հունիսի 3-ին Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը հայտնել էր, որ Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը և Ուկրաինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանն Ուկրաինա կատարած այցի շրջանակներում հանդիպել են Բուչա քաղաքի քաղաքապետ Անատոլի Ֆյոդորուկի հետ: Տեր-Մարգարյանը հայտարարել էր, որ Հայաստանը «հպարտանում է ուկրաինացի ժողովրդի քաջությամբ և միշտ պատրաստ է աջակցել Բուչային ու մարտական գործողություններից տուժած մյուս համայնքներին»։
Հունիսի 9-ին Բուչա այցի և վերոնշյալ հայտարարությունների կապակցությամբ Ռուսաստանի ԱԳՆ-ն բողոքի նոտա էր հղել Երևանին։ Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Մոսկվան հայաստանյան պատվիրակության այցն ու հայտարարությունները «պաշտոնական Երևանի կողմից բացահայտ ոչ բարեկամական քայլ» է գնահատում։